168.am-ը գրում է․

Ժողովրդին մոռացել են։ Ժողովուրդը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հիմնական արգումենտն էր ու հիմնական գործիքը, դուրս է թռել քաղաքականությունից։

Միակ պարագան, երբ հիմա հիշում են ժողովրդին, Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող զարգացումներն են։ Որպես Սահմանադրական դատարանը ցրելու հակասահմանադրական գործունեության միակ գործոն՝ հայտարարվում է, թե այն չի վայելում ժողովրդի վստահությունը։ Մնացած բոլոր քաղաքական զարգացումներում այլևս ժողովրդի մասին հիշատակում չկա։

Ավելին, մնացած բոլոր զարգացումները արվում են ընդդեմ ժողովրդի, սկսած բալային համակարգի ներդրումից՝ մինչև սպանդանոցներում անասունների մորթը պարտադրելը։ Ծննդատների փակմանը որևէ տրամաբանական բացատրություն չի տրվում։ Անգամ ակնհայտ կոռուպցիոն բացատրությունը, թե դրա նպատակը հիվանդանոցներին տրվող պետպատվերի կոնսոլիդացիան է, որի դեպքում ատկատները նշանակալի կլինեն՝ չի դիմանում քննադատության։ Ինչքան էլ ներկա իշխանությունը շնից մազ պոկող է, Նիկոլ Փաշինյանը հմուտ պոպուլիստ է և շատ լավ է հասկանում, որ այդ գրոշները չեն կարող կոմպենսացնել հզոր հակազդեցությունը, որ այս որոշումը կծնի։

Սպանդանոցերում մորթը պարտադրելը ակնհայտորեն բխում է իշխանության ախպեր օլիգարխի շահերից, ով այդ պայմաններում մոնոպոլիստ կդառնա նաև մսի մատակարարման պարագայում։ Բայց մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին ուղարկում էր ոչխար պահելու, իսկ հիմա, փաստորեն, արգելում է ոչխար պահել։ Կրկին, այս լուծումը տրամաբանական չէ։ Այդ և մյուս օլիգարխներից մի քանի միլիոնի մուծումները հայտնի բարեգործական ֆոնդերին չեն կարող լինել գյուղացիներին ու անասնապահներին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ հանելու գինը։

Իհարկե, կառավարությունն ինչ-որ թվեր է ներկայացնում, հաշվարկներ անում, եվրոպական փորձ վկայակոչում։ Բայց մենք արդեն սովոր ենք, որ կառավարությունը հիմնականում ստում է, այդ հաշվարկների իրավացիության մեջ խորանալը ժամավաճառություն կլինի, ու ավելի լավ է՝ աշխատենք ամենաունիվերսալ գործիքով՝ տրամաբանությամբ։

Անվստահելի է նաև դավադրապաշտական արգումենտը, թե Սորոսն ասել է՝ ծննդատները փակեք, որ հայերը չծննդաբերեն ու չբազմանան։ Կամ թե՝ Սորոսն ասել է՝ միսը սպանդանոցներում մորթեք, որ համ կոշեր լինի, համ էլ թանկ, ու հայ ժողովուրդը միս չուտելով՝ վերանա։

Վերլուծաբանները երբեմն առաջ են քաշում խելագարության կանխավարկածը։ Կրկին թույլ արգումենտ է, մինչև դրան անցնելը՝ պետք է փորձել սպառել ռացիոնալ վարկածները։

Միաժամանակ, տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նման որոշումներով փորձում է երկրում հակաիշխանական շարժումներ հրահրել։ Վերջերս Նիկոլ Փաշինյանի թերթում մի վերլուծական էր հրապարակված, որտեղ իշխանափոխության մի քանի սցենար էր ներկայացվել։ Տարբերակներից երկրորդը, ըստ անանուն հոդվածագրի, արտահերթ ընտրություններն են, սակայն նաև նշվում է, որ ընդդիմությունը հիմա չի կարող լայն զանգվածներ հանել փողոց, որոնց պարտադրանքի տակ իշխանությունները կգնան նոր ընտրություններ նշանակելուն։

Ըստ էության, կառավարության քայլերը հենց նման շարժումներ են գեներացնում։ Այն, ինչ ժամանակին շատ էր ասվում Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերի վերաբերյալ՝ թե սա իրական օրակարգից՝ ղարաբաղյան խնդրից շեղելու համար է, կարծում եմ, արդեն հեռու է իրականությունից։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարծես նպատակաուղղված՝ ոչ պոպուլյար, տրամաբանական բացատրությունից զուրկ որոշումների է գնում՝ թիրախավորելով իրեն առավել լոյալ խմբերին․ ծննդատներով՝ երիտասարդությանը, սպանդանոցներով՝ գյուղացիներին, բալային համակարգով՝ վարորդներին ու մանավանդ տաքսիստներին։

Տպավորություն կա, որ Փաշինյանն ինչ-որ exit strategy է իրականացնում։ Դեռևս ակնհայտ չէ, թե ինչ պատճառով է Նիկոլ Փաշինյանն ուզում հրաժարվել նոփ-նոր, 1 միլիոն դոլարով վերանորոգած տնից, նոր կես միլիոնանոց «Մերսեդեսներից» և կյանքի այլ հաճույքներից։ Պատճառների մասին այս փուլում կարող ենք միայն գուշակել՝ դա կարող է  լինել վախը՝ ղարաբաղյան խնդիրն աղետի տանելու հեռանկարից, ակնհայտ բացահայտումը, որ ինքն անկարող է կառավարել մի երկիր, հիասթափությունն իր թիմից, կամ մեկ այլ խնդիր, սակայն այն, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը վարում է ակնհայտ հակաժողովրդական և կոնֆլիկտներ ծնող քաղաքականություն, ակնհայտ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել