«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Դեպքից անցել է 4 օր, եւ շատ հարցեր դեռեւս չունեն իրենց պատասխանները: Հետաքրքիր է, որ սա թավշյա հեղափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ դեռեւս անհայտ պայմաններում մահվան արդեն երկրորդ դեպքն է. 2019 թվականին հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին,ու դեռ գործը բացահայտված չէ: ԱԱԾ նախկին տնօրենի դին էլ առաջինը կինն էր հայտնաբերել՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:

ArmLur.am-ը գրել էր, որ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել իրականում հունվարի 16-ին, այլ ոչ թե 17-ին, երբ արդեն հանրային դարձավ դեպքը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանից հետաքրքրվել էր՝ արդյոք ԱԱԾ նախկին տնօրենիինքնասպանությունը ՀՀ նախկին ոստիկանապետի հետ կատարվածի շարունակությունն է: «Այժմ որեւէ հիմք չունեմ կապելու. եթե լիներ, կասեի»,- պատասխանեց Մելիքյանը:

Ի՞նչ մանրամասնեց ՀՀ քննչական կոմիտեն

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը/ դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ եւ 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարեւանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է եւս 3 գնդակ:

Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ՝ առանց փամփուշտի: Հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակի փողոցում գտնվող,իրեն պատկանող բնակարան:

Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին:

Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները եւհայտնաբերված գնդակները հավաքել, դրել է հյուրասենյակի բազմոցի դիմաց գտնվող սեղանին: Քննությամբ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի՝ իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիսհետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Նախաքննությունը շարունակվում է:

Ի՞նչ է պատմել տաքսու վարորդը

«Ժողովուրդ» օրաթերթին, բացի այս պաշտոնական տվյալներից, այլ մանարամասներհայտնի դարձան գործով: Մասնավորապես, իրավապահները տարածքի տեսախցիկների նկարահանումները առգրավվելու արդյունքում բացահատել են, որ Գեորգի Կուտոյանը Պարույր Սեւակի 8/1 բնակարան է գնացել տասքի մեքենայով: Եվ արդեն գործով հարցաքննվել է տաքսու այդ վարորդը՝ հայտնելով, որ հունվարի 16-ին «Երեւան Մոլի» մոտ ուղեւոր է իջեցրել, եւ փողոցով պտտվելու ժամանակ մի քաղաքացի տաքսի է կանգնեցրել, որն էլ եղել է հենց Գեորգի Կուտոյանը: Ըստ տաքսու վարորդի ցուցմունքի՝ նա միայնակ է եղել ու խնդրել է իրեն տանել Պարույր Սեւակի 8/1 հասցե: Որեւէ տեղ ճանապարհին կանգ չի առել, որեւէ տաօրինակ բան չի նկատվել ուղեւորի մոտ: Լուռ տեղ է հասցրել:

Ի՞նչ նամակ է գրել կնոջը

Կուտոյանին ճանաչողները գիտեն, որ նա լուռ, ինքնամփոփ մարդ էր: Եվ երբեք ալկոհոլի օգտագործմամբ աչքի չի ընկել, խմող չի եղել: Բայց նախորդ տարվա վերջից հաճախ է նկատվել նրա մոտ հակումը դեպի ալկոհոլ՝ որպես նյարդերը հանգստացնելու միջոց: Դեպքի օրն էլ կոնյակի շիշ է եղել սեղանին:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ դեպքից առաջ Գեորգի Կուտոյանը նամակ է ուղարկել կնոջը, որը անձնական բնույթի է եղել, դեպքի հետ կապ չունեցող, պարզապես բավականին սրտաճմլիկ բովանդակությամբ (այն հրապարակելը հակասում է լրագրողական էթիկային):

Կինը մտածել է, որ միգուցե էլի գինովցած է, դրա համար է այդպիսի սրտաճմլիկ նամակ գրել իրեն: Կնոջը ճանաչողները բնութագրում են որպես համեստ, զուսպ ու ամուսնուց քաշվող հայուհի:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաքննական մարմինը դեռեւս ընտանիքի մյուս անդամներին չի հարցաքննել. դա կարվի 2 օրից, որպեսզի հասկանան, թե ինչու է Կուտոյանն աջուձախ պատերին կրակել իր զենքից, եւ ինչու են այդ մասին լռել հարազատները: Բանն այն է, որ Գեորգի Կուտոյանի կնոջից բացի ընտանիքի մյուս անդամները եւս տեսել են տան պատերի կրակոցների հետքերը:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ բոլոր այն հարեւանները, որոնց հարցուփորձ է արվել կրակոցների ձայնի մասին, հայտնել են, թե կարծել են՝ շինարարության աղմուկ է:

Հայրը հիվանդացել էր

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ դեպքից մի քանի օր առաջ Գեորգի Կուտոյանի հայրը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, եւ նրան տարել են հիվանդանոց: Այնտեղ Կուտոյանի մայրը բժշկին խնդրել է, որ իր որդուն չհայտնեն հոր առողջական վիճակի մասին որեւէ վատ բան, քանի որ իր որդին հոր հետ կապված ցանկացած բան խիստ ծանր է տանում:

Ի դեպ, հավելենք, որ իրավապահների մոտ քննության կհրավիրվեն նաեւ Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերները, որոնց նախաքննական մարմինը պատրաստվում է հարցաքննել՝ հասկանալու համար, թե շփման ժամանակ ինչ է նա կիսվել նրանց հետ, որեւէ բան անհանգստացրել է արդյոք նրան, որեւէ բանից ընկճված է եղել, թե ոչ:

Հուսանք՝ քննությունն իսկապես կտա բոլոր հարցերի պատասխանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել