Tert.am-ը գրում է.

«Կարծում եմ՝ գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամի չափով: Գործող սակագինը 139 դրամ է մեկ խորանարդի դիմաց՝ մինչև 10 հազար խմ գազի սպառման դեպքում»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ 1000 խմ գազի արժեքը 15 դոլար իջեցումից և 2019 թ. հունվարի 1-ից սահմանին արժեքը 15 դոլարով բարձրացնելուց հետո գազ մատակարարողը սակագինը շահույթի և ներդրումների հաշվին 30 դոլարով նվազեցրել է: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է հայտ ներկայացնի՝ վերականգնելու այս 30 դոլար ծախսը: Բնակչության համար կարծում եմ,  որ սակագինը կբարձրանա 10-15 դրամի չափով»,- ասաց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ 2019թ. վերջին հայտնի դարձավ, որ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը սահմանին կմնա նույնը, ինչ 2019թ.: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը 2019 թ. հունվարի 1-ից սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ: Օրերս, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «Գազպրոմ Արմենիան» հայտարարել էին, որ սպառողների համար գազի սակագնի վերանայման մասին:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ գազի գնի բարձրացումը կունենա շղթայական ազդեցություն: Առաջին հերթին կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ էլէներգիայի մոտ 30 տոկոսն արտադրվում է ՋԷԿ-երում:

«Բնական գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացումները ուղղակիորեն կազդեն ՀՀ-ում արտադրվող ապրանքների և ծառայությունների գների վրա: Սա կբերի գնաճի: Պատահական չէ, որ կառավարությունը 2020թ. բյուջեով նախատեսում է 4.5 տոկոս գնաճ՝ 2019թ. համեմատ մոտ 2 անգամ ավելի»,- նկատեց նա:

Ըստ նրա՝ բնակչությունը զգալի կորուստներ կունենա ոչ միայն ուղղակի գազի գնի բարձրացումից, այլև դրա հետևանքով թանկացած ապրանքներ և ծառայություններ գնելիս, չնայած կառավարության կողմից թոշակի, աշխատավարձի բարձրացման, եկամտահարկի համահարթեցման որոշումներին:

«Սրանք ի չիք կդառնան: Կստացվի, որ քաղաքացին 2019թ. իր նույն եկամուտով ավելի շատ ապրանք ու ծառայություն ձեռք կբերեր, քան 2020թ. իր արդեն բարձրացած եկամուտով, քանի որ ապրանքների գները կբարձրանան: Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ավելի զգալի կլինի»,- ասաց Սուրեն Պարսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացմանը, ասել էր, որ գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. «Մենք միշտ ունեցել ենք այդ պրոցեսը, այստեղ ամենակարևորը հետևել, որ գործընթացը լինի հիմնավորված և թափանցիկ»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս նմանատիպ հայտարարություն էր արել. «Որևէ էքստրեմալ խնդիր չկա»,- ասել էր նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել