Tert.am-ը գրում է.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն չէր բացառել, որ կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելով:

Իր հերթին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում խոսելով գազի գների թանկացման թեմայով, վստահեցրել է, որ կապույտ վառելիքը մինչև ապրիլի 1-ը չի թանկանալու: Թե ինչ կլինի հետո, փոխվարչապետն, ըստ էության, դժվարացել էր կանխատեսումներ անել՝ չբացառելով, որ «Գազպրոմ Արմենիան», այնուամենայնիվ, գազի գնի վերանայման հայտ կներկայացնի:

Գազի գնի շուրջ ստեղծված խորհրդավոր իրավիճակը, որն առաջացել է ստացվող տեղեկությունների ու իշխանությունների կողմից դրանց տրվող ինքնատիպ մեկնաբանությունների արդյունքում, հուշում է, որ բոլոր դեպքերում Հայաստանի բնակչությանը չի հաջողվելու խուսափել գազի գների թանկացման մոտալուտ հեռանկարից: Եթե նույնիսկ ենթադրենք էլ, որ մինչև ապրիլի 1-ը բնակչության համար գազի գները մնալու են նույնը, խնդրի էությունը դրանից չի փոխվելու. մի քանի ամիս ուշ, թե շուտ, այնուամենայնիվ, ազգաբնակչությունը ստիպված է լինելու իր փխրուն ուսերին առնել խոստացված տնտեսական հեղափոխության հետ ոչ մի կերպ չներդաշնակվող թանկացումների բեռը:

Նշենք, որ անցած տարվա վերջին տեղեկություն էր ստացվել այն մասին, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին. Հայաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019թ.-ի հունվարի 1-ից կազմել է 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի դիմաց՝ նախկին 150 դոլարի փոխարեն, իսկ ըստ որոշ գնահատականների՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան կտրվածքով սուբսիդավորման համար պահանջվում է լրացուցիչ առնվազն 30 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի հայաստանյան սպառողների համար գազի սակագինը մնա անփոփոխ:

Գազի գների հարցը, որը Հայաստանի համար իսկապես կենսական նշանակության խնդիր է, գրեթե մշտապես շահարկման առարկա է հանդիսացել հատկապես  ներկայումս իշխանություն հանդիսացող նախկին ընդդիմության համար: Տարիներ առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սպառողներին՝ այդ թվում բնակչությանը մատակարարվող գազի սակագինը հնարավոր կլինի նվազեցնել, եթե հնարավոր դառնա վերացնել, այսպես կոչված, գազի մաֆիան: Չնայած իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ նոր իշխանություններն ի վերջո կբացահայտեն առեղծվածը, և գազի գնանկում կարձանագրվի, սակայն ապարդյուն: Ավելին՝ հանկարծ պարզվեց, որ այն իրավիճակը, որն այժմ կա գազի գների հարցում, բացառապես իշխանությունների «հերոսական մաքառումների» արդյունք է և դրա համար հարկավոր է նրանց միայն ծափահարել: Մինչդեռ, ինչպես նշում են, մի շարք փորձագետներ, Հայաստանի համար գազի գների փոփոխության չենթարկվելու փաստը մեծապես պայմանավորված է  միջազգային շուկայում տեղի ունեցած կտրուկ փոխակերպումներով: Ավելին՝ հնչում է կարծիք նաև այն մասին, որ ստեղծված մակրոտնտեսական իրավիճակում կարելի կլիներ անգամ գնի նվազում ակնկալել, եթե Մոսկվայի հետ հարաբերություններում ՀՀ կառավարությունն ավելի հմուտ  գտնվեր: Մասնավորապես՝ մատնացույց է արվում Մոլդովայի օրինակը, որի համար ռուսական գազային հսկան կապույտ վառելիքի գինը իջեցրել է 15%-ով, և ակնկալվում է առաջիկայում գնանկումը հասցնել 30%-ի, և սա մի պարագայում, երբ Մոսկվայի ռազմավարական դաշնակից է հայտարարված ոչ թե Քիշնևն, այլ՝ Երևանը. գազի գնի հարցը ՌԴ համար միշտ էլ եղել է ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական խնդիր, և գնային քաղաքականության միջոցով է  նաև, որ Մոսկվան սովորաբար իր իրական վերաբերմունքն է արտահայտում այս կամ այն երկրի նկատմամբ: Այս առումով գազի գնի բարձրացումը պետք է նախևառաջ համարել որպես յուրատեսակ գնահատական՝ ՀՀ նոր իշխանություններին՝ անմիջապես Կրեմլից, որը, փաստորեն, բավական մտահոգիչ է ու արմատապես հակասում է հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների մասին իշխանությունների կողմից պատմվող առասպելներին. հարաբերությունները, մեղմ ասած, անամպ չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել