Tert.am-ը գրում է.

Այսօր կարող ենք ասել, որ պետական բոլոր կարևոր ինստիտուտներն ամբողջովին գտնվում են Նիկոլ Փաշինյանի մենաշնորհի տակ, սկսվել է մամուլի նկատմամբ ոտնձգությունների փուլը և մեդիադաշտն ամբողջությամբ վտանգված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  մեդիա փորձագետ, ArmNews FM-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռուստաընկերությունների մասին երեկվա հայտարարությանը, որ Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան և առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի փոխարեն կարելի է գրել «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»։

«Մամուլի նկատմամբ ոտնձգությունների փուլն սկսվել է դեռ 2018 թվականից, երբ սկսեցին կազմել «սև ցուցակներ», ցանկալի և անցանկալի մեդիաներ, որոնց պետք էր բոյկոտել։ Իրականում, երբ դուք խնդրում եք վերլուծել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դա անիմաստ է, որովհետև նրա խոսքի մեջ չկա ո՛չ հետևողականություն, ո՛չ մասնագիտական ունակություններ»,- ասաց նա և հավելեց, որ փոխարենը պետք է հետևել սահմանադրական փոփոխություններին, որոնք որոշակի մտավախություններ են առաջացրել մեդիադաշտում։

«Այսօր այն ակնարկները, որոնք հնչում են, ակնհայտորեն հուշում են, որ մենք բախվելու ենք գրաքննության, ցենզուրայի, խոսքի ազատության ոտնահարման, սահմանափակման, կարծիքի արտահայտման ազատությունների սահմանափակման։ Այդ մասին ոչ միայն Նիկոլ Փաշինյանի արտահայտություններն են փաստում, այլ նաև իր ողջ վարչակազմը»,- նշեց Լիլիթ Թումանյանը և հավելեց, որ իշխանությունը ոչ բավարար հնարավորություններ ունենալու պատճառով փորձում է մեդիադաշտն իշխող կուսակցության քիմքին հարմարեցնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել