Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, այս անգամ խեղաթյուրել են Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության իրականացման զեկույցի» բովանդակությունը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է թեմային:

-Պարոն Շիրինյան, Եվրախորհրդարանի զեկույցում ի՞նչ շեշտադրումներ են եղել և արդյոք Ղարաբաղին անդրադարձ կա, ինչպես նշում են ադրբեջանական որոշ կայքեր իրենց հոդվածներում:

-Այն, թե իբր զեկույցում տեղ է գտել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը, իրականությանը չի համապատասխանում: Այս պնդումը կեղծ է: Այդ մասին նշող ադրբեջանական կայքի հոդվածը ապատեղեկատվություն է տարածում, սա Ադրբեջանի պետական քարոզչությունն է: Իրականությունը հետևյալն է. Եվրոպական խորհրդարանը քվեարկել և ընդունել է երեք տարբեր զեկույցներ՝ «Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության իրականացման վերաբերյալ տարեկան զեկույցը», «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության իրականացման զեկույցը» և մարդու իրավունքների վերաբերյալ ընդհանուր զեկույց: Այս բանաձևերից ոչ մեկը, ներառյալ առաջին բանաձևը, որին հղում են կատարում ադրբեջանական լրատվամիջոցները, ոչինչ չի նշում Արցախի մասին և այն չի ներկայացնում որպես «գրավյալ տարածք»: Իրականում բանաձևերում Արցախի մասին ընդհարապես որևէ խոսք չկա: Առաջին զեկույցը, այլ հարցերի հետ մեկտեղ, ընդհանրական անդրադառնում է Արևելյան գործընկերության երկրներում առկա հակամարտություններին: Թեև առաջին զեկույցը նշում է, որ Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնարար սկզբունք է Եվրոպական Միության համար, պետք է շեշտել, որ զեկույցի նախաբանում հղում է արված մեկ այլ բանաձևի, այն է 2017թ. նոյեմբերի 15-ի Արևելյան գործընկերության վերաբերյալ Եվրոպական խորհդարանի կողմից առաջարկություններ պարունակող զեկույցին: Վերջինս ղարաբաղյան հակամարտության  կարգավորման համատեքստում հիշատակում է ինքնորոշման իրավունքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հիմնարար սկզբունքներից մեկը և ԵՄ-ի լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբին: Նույն հղումն առկա է նաև երկրորդ զեկույցում՝ («Ընդհանուր անվտանգության և պաշտպանության իրականացման զեկույց»): Ադրբեջանական լրատվամիջոցները ակնհայտորեն թաքցնում են սա:

-Ըստ ձեզ՝ բանաձևում տեղ գտած ուղերձներն ում էին հասցեագրված:

-Ակնհայտ է, որ այս բանաձևերից մեկը վերահաստատում է Եվրոպական խորհրդարանի տեսլականը, որ «Արևելյան գործընկերության երկրներում առկա բոլոր ընթացիկ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային նորմերի և սկզբունքների համաձայն»: Սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դեպքում վավեր են ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքները և ԵԱՀԿ 1975թ. Հելսինկի եզրափակիչ ակտը, որն ընդգրկում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

-Հակամարտության խաղաղ կարգավորման գործում, ըստ ձեզ, ԵՄ-ի անելիքը ո՞րը կարող է լինել:

-Ինչպես գիտեք՝ ԵՄ-ն հակամարտության կողմերի միջև միջնորդ չէ: Բացի այդ, ԵՄ-ն պարբերաբար իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտ իերեք հիմնարար ակզբունքներին: Ղարաբաղյան հակամարտությունն անվտանգության և մարդու իրավունքների խնդիր է: Եվ ուրեմն Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նպատակներից է Եվրոպայում իրազեկման աշխատանք տանել Ադբեջանում առկա ատելության խոսքի և հայատյացության պետական քաղաքականության մասին: Այդ նպատակով 2019 մարտին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը Եվրոպական  խորհրդարանում հայատյացության վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպեց: Սա առաջին անգամն էր, երբ այս թեման քննարկման գլխավոր առակա էր Եվրոպական խորհրդարանում:

Խորհրդաժողովի հիմնական եզրակացություններից մեկն այն էր, որ հայերի ջարդերը Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Մարաղայում Ադրբեջանում առկա հայատյացության ողբերգական հետևանք էին: Դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հակահայկական տրամադրություն տարածել հասարակության մեջ, որը այլատյացության դրսևորում է և որը պետք է դատապարտվի ԵՄ-ի կողմից: Նաև այսպես ԵՄ-ն կարող է ներդրում ունենալ հակամարտության խաղաղ լուծման գործընթացում:

Մենք համոզված ենք, որ Արցախը չի կարող Ադրբեջանի մաս կազմել, քանի որ դա Արցախի ժողովրդի համար գոյության վտանգ է ներկայացնում: Պատմությունը սա մեզ արդեն ապացուցել է: Եվ այժմ ժամանակն է, որ միջազգային հարնությունը  հարգի Արցախի անկախ լինելու որոշումը:

Քանի որ հիշատակեցի Բաքվում հայերի ջարդերի մասին, ասեմ նաև, որ մենք շատ շուտով Եվրոպական խորհրդարանում պատրաստվում ենք այս թեմայով խորհրդաժողով կազմակերպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել