Hraparak.am-ը գրում է․

Ռոմանսների հայտնի երգիչ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը, վերջերս շատ չի երևում էկրաններին, ակտիվ չէ շոուբիզնեսային կյանքում, կարծես թե չի մասնակցում պետական միջոցառումներին։ Թվում է՝ դուրս է մղվել դաշտից։ Շատերը սպասում էին, որ վարչապետի հանձնարարած Ամանորի երգը, որը պետք է համաշխարհային հիթ դառնար, հենց նա պետք է գրեր, բայց երգի բառերը գրեց Ավետ Բարսեղյանը, երաժշտությունն էլ՝ Գարիկն ու Սոնան, որոնք էլ և կատարում են «էն ում Ամանորն է» անունն ստացած երգը։ Բայց այն ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից, շատերը քննադատում են, որ այն հիթային երգը չէր, որն ակնկալում էին և որը պետք է մրցեր համաշխարհային հիթերի հետ։ Իրեն՝ Հայկոյին, սակայն, երգը դուր է եկել։ Hrapark.am-ի հետ զրույցում նա ասաց, որ շատ լավ երգ է, ինքն էլ հիմա զբաղված է երկու ֆիլմի համար երաժշտություն գրելով, Ամանորն էլ նշելու է Հայաստանում՝ երևանյան ռեստորաններից մեկում, ընտանիքի, ընկերների հետ։

«Ակտիվ գործունեություն եղել է էս տարվա մեջ, երեք ֆիլմի երաժշտություն եմ վերջացրել, որոնցից երկուսը դուրս է գալու 2020 թվականին, «Իմ խաչը» ֆիլմը ցուցադրեցինք այս տարի, որը գնալու է միջազգային փառատոնի, նաև իմ ընկեր Րաֆֆի Ալթունյանի գրած ամանորյա երգի մեջ էլ երգել եմ ընկերներիս հետ․ հաճելի բան էր, որ էլի հավաքվել էինք հին ընկերներով՝ Զարուհի Բաբայան, Ալլա Լևոնյան, Արսեն Սաֆարյան․․․»,-ասաց Հայկ Հակոբյանը։

-Իսկ պետական միջոցառումների մասնակցե՞լ եք։

-Չէ, էդպիսի համերգներ ոնց որ չեն էլ եղել, որ մասնակցեմ կամ չէ, այսինքն, եթե լինի միջոցառում, մեծ սիրով իմ քաղաքի,իմ երկրի համար հաստատ կմասնակցեմ։

-Օրինակ՝ վարչապետը հայտարարել էր, որ պետք է Ամանորի երգ գրվի, Ձեզ առաջարկ եղե՞լ է գրել նման երգ։

- Ես գիտեմ, որ Գարիկն ու Սոնան էին գրում այդ երգը, չեմ իմացել, որ բոլորին է ասվել, ես դրա մասին չեմ լսել, բայց Գարկն ու Սոնան որ երգը, որ գրել են, ինձ շատ-շատ դուր է եկել, ու կարծում եմ՝ չարժի մրցակցության մեջ դնել համաշխարհային հիթերի հետ, որովհետև դա առանձին գիծ է, բայց Գարիկի և Սոնայի երգը շատ-շատ լավն է, Ավետ Բարսեղյանն էլ խոսքերն է գրել։

-Բայց քննադատում են, որ այն սպասելիքները, որ պետք է համաշխարհային հիթ դառնար, կարծես թե չի արդարացնում։

-Չէ, ինձ շատ դուր է եկել երգը, շատ-շատ լավն է։ Գիտե՞ք ինչ, երգը հիթ է դառնում «ռասկռուտկայով», եթե էդ երգը էլի ամերիկյան ֆորմատով «ռասկռուտկա» արվի, հաստատ կդառնա միջազգային հիթ։ Մեզ համար շատ լավ երգ է։ 

-Բայց որակական առումով համապատասխանո՞ւմ է համաշխարհային հիթ դառնալու չափանիշներին։

-Չէ, եկեք էսպես ասեմ, ամերիկյան ոչ մի բանի հետ չարժի համեմատել, որովհետև ամերիկյան ֆիլմերի, երաժշտությունների հետ ոչ ոք չի կարողանում համեմատվել։ Բայց այս երգը մի օրվա մեջ 250 հազար դիտում է ապահովել, ինչը Հայաստանի չափանիշներով էնպես չի, թե վատ է, շատ լավ է։

-Իսկ եթե Ձեզ հանձնարարվեր, պատրա՞ստ էիք գրել Ամանորի երգ։

- Գիտե՞ք, արդեն բավականին երկար ժամանակ նման պատասխանատու բաների մեջ չեմ ուզում մտնել, այսինքն՝ ես ունեմ իմ առանձին ֆիլմարտադրության մեջ իմ երաժշտությունները, իմ երգերը, ունեմ առանձին կոմպոզիցիաներ, այսինքն՝ նման պատասխանատու բեռի տակ մտնել բավականին երկար ժամանակ չեմ ուզում, որովհետև էլի դառնում է քննադատության առիթ՝ լավ էր, վատ էր․․․ Նորմալ է հիմա այն, ինչ անում եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել