168.am-ը գրում է․

Ադրբեջանն անընդհատ փորձում է բանակցային գործընթացում ներառել Արցախի «ադրբեջանական համայնքին»։ Քաղաքական առումով գոյություն չունի «ադրբեջանական համայնք» ասվածը, դա «ֆեյք» հասկացություն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը։

Նրա խոսքով, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելում են տարածաշրջան, Ադրբեջանը նրանց հետ անպայման հանդիպում է կազմակերպում, սակայն «ադրբեջանական համայնքը» չի կարող հավասարվել Արցախի Հանրապետության հետ։
«Այս ամենը մեզ համար անընդունելի է, չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները նման ցանկություն ունեն, դա հնարավոր չէ, և դրա մասին բազմիցս հայտարարել են։ Եթե Ադրբեջանն այդ համայնքին ցանկանում է ներառել՝ որպես փորձագետ կամ այլ բան, դա նրանց խնդիրն է։ Բանակցային գործընթացում այդ «համայնքը»՝ որպես առանձին կողմ կամ հավասարեցված Արցախին, չի կարող լինել, երբ դա տեղի ունենա, և մենք դա ընդունենք, ապա դա կլինի Արցախի պետականությանը սարսափելի հարված։ Չեմ կարծում, որ որևէ մեկը դրան կգնա»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Հ. Իգիթյանն իր խոսքում մասնավորապես նշել էր. «Ժամանակին, երբ ես այս կամ այն ձևով մասնակցել եմ այդ բանակցային փուլին, հիշում եմ, որ այն ժամանակ ԵԱՀԿ-ն արդեն կողմնորոշվել էր, որ բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն երեք կողմերը՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը։ Ադրբեջանն Արցախի ներկայությունը նսեմացնելու համար իր հետ բերում էր ԼՂՀ «ադրբեջանական համայնքը», և մենք անընդհատ պայքարում էինք, քանի որ նրանք կարգավիճակ չեն ունեցել։ Տեսեք, թե այսօր ինչ է փոխվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին, որևէ պատվիրակության անդամ, այդ թվում՝ ԼՂՀ «ադրբեջանական համայնքի» անդամ համարվողները… Միևնույն է՝ կգա՞ն իրենք, թե՞ ոչ, Ադրբեջանի նախագահը ներկայացնում է այդ մարդկանց, որոնք ընտրել են Ալիևին։ Մեր ժողովուրդը խորհրդարանական ձևով ընտրել է պետության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում է մեր ժողովրդին։

Մնում է Արցախի ժողովուրդը, որին որևէ մեկը չի կարող ներկայացնել սեղանի շուրջ, սրա մասին է խոսքը, նրանք ո՛չ մեր վարչապետին են ընտրել, ո՛չ Ալիևին։ Այս դեպքում դա Ալիևի գործն է, թե նա ում հետ կգա։ Կարևորն այն է, որ մենք գոնե կարողացել ենք առարկա դարձնել Արցախի մասնակցությունը բանակցություններին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել