168.am-ը գրում է․

Ֆինանսների նախարարի և Պետեկամուտների կոմիտեի նախագահի հարաբերությունները վերջին շրջանում ակնհայտորեն լարվել են։ Թե այդ լարվածությունը մինչև ո՞ւր կտանի նրանց, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, չի բացառվում, որ կողմերից մեկի նյարդերը, ի վերջո, տեղի կտան։

Ատոմ Ջանջուղազյանի և Դավիթ Անանյանի միջև ի հայտ եկած հերթական լարվածության պատճառը Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունն է և, այսպես կոչված, ԱՏԳ-ն։ Խոսքն այն կառույցի մասին է, որի միջոցով կառավարությունը մտադիր է իրականացնել ամբողջ արտաքին տնտեսական գործունեությունը։

Ժամանակին այդ ծրագրի իրականացումը գնահատվել էր 2,2 մլրդ դրամ։ Բայց գումարը չի բավարարել աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Ու հիմա ՊԵԿ-ն առաջարկում է այն ավելացնել` հասցնելով 6,2 միլիարդի։

Սակայն դրան դեմ է ֆինանսների նախարարը։ Վերջինս կարծում է, որ նման խոշոր գումար հատկացնելուց առաջ նախ՝ պետք է գնահատել առկա կարիքը։ Խոսքը նրա մասին է, թե այսօր որքանո՞վ է Հայաստանին նպատակահարմար ունենալ նման խոշորամասշտաբ մաքսատուն։

Ֆինանսների նախարարի այս մտահոգությունը, անշուշտ, անտեղի չէ։ Ու դա ունի իր հիմքերը։ Երբ մի քանի ամիս առաջ որոշվեց ավտոմաքսատունը Երևանից տեղափոխել Գյումրի, իսկ հետո դրա հիմքի վրա ձևավորել նաև ԱՏԳ-ն, Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների տեղ ու դադար չկար։ Դա բերել էր նրան, որ մարդիկ օրերով հերթ էին կանգնում` մեքենաները մաքսազերծելու համար։ Այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Երևանի ավտոմաքսատուն և ինչ-ինչ բացահայտումներ արեց, հրահանգեց Դավիթ Անանյանին՝ քայլեր ձեռնարկել կարճ ժամանակամիջոցում ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու համար։

Այդ պահից էլ սկսվեց այս ամբողջ խառնաշփոթը։ Առանց պատշաճ հիմնավորումների՝ հապշտապ սկսվեց նոր ավտոմաքսատան կառուցման և Երևանից տեղափոխման գործընթացը։

Չնայած այսօր Գյումրու ավտոմաքսատունը սպասարկում է՝ օրական շուրջ 900, գուցե նաև՝ 1000 տրանսպորտային միջոց, այնուհանդերձ պարզ է, որ հաջորդ տարվանից, կապված Եվրասիական միության նոր կանոնակարգումների հետ, այդ հոսքերն այլևս չեն լինելու։ Այստեղից էլ առաջանում է հիմնական հակասությունը. ո՞ւմ է պետք այդ հսկա ենթակառուցվածքը, եթե այն պետք է սպասարկի օրական հազիվ մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։ Արժե՞ արդյոք այդքան մեծ միջոցներ ծախսել մի բանի վրա, որը վաղն աշխատելու է իր հզորության նվազագույն չափով։

Ահա սա է հիմնական խնդիրը, որը դարձել է Ֆինանսների նախարարի և ՊԵԿ նախագահի միջև առաջացած հակասության պատճառ։ Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ նախ՝ պետք է գնահատել առկա կարիքը, հասկանալ, թե Հայաստանին ինչպիսի՞ կառույց է պետք, և այն ի՞նչ ծավալ է սպասարկելու։

ՊԵԿ-ը չէ այն կառույցը, որը պետք է ձևավորի այդ կարիքը, ասում է Ֆինանսների նախարարը։ Դա պետք է բխի տնտեսությունից. «Եթե Էկոնոմիկայի նախարարությունը չի ձևակերպել էս կարիքը, ստացվում է, որ ինքնաշխատ կյանքով ապրող հաստատության մասին է խոսքը, և հաստատությունն ինքն է որոշում իր կարիքները»։

Ելնելով դրանից՝ ֆինանսների նախարարը դեմ է ՊԵԿ-ին փող տալուն։ Ուստի առաջարկում է առայժմ կասեցնել, ավելին, կոնսերվացնել շինարարությունը։

«Դրա համար առաջարկում ենք ուղղակի էստեղ կանգ առնել, հնարավոր է՝ շինարարության սառեցման համար ինչ-որ միջոցներ պահանջվեն, էդ միջոցները դնել, որպեսզի էս կատարված ներդրումները չփոշիանան, ձեռնպահ մնալ միլիարդներով կանխավճարներ տալուց և որոշումներ կայացնել արդեն էս հարցերի պատասխանները տալուց հետո»,- ասում է նախարարը։

Մի բան, ինչն ակնհայտորեն դուրս չի գալիս Դավիթ Անանյանին։ Այն աստիճան, որ նա սկսել է չթաքցնել իր վերաբերմունքը Ֆիննախի նկատմամբ։

«Ախր Ֆինանսների նախարարությունն ո՞վ է, որ գումար տա կամ չտա: Ֆիննախը չի որոշում՝ գումար տա՞լ, թե՞ չտալ»,- ասում է ՊԵԿ նախագահը։

Իրականում այդպես էլ կա, ի վերջո, գումար տվողը կառավարությունն է։ Բայց դրա համար բավարար հիմքեր են պետք։ Իսկ այդ հիմքերն այսօր չկան կամ առնվազն լիարժեք գնահատված չեն։ Ու դա ակնհայտ է։

Կտա՞ այդ գումարը կառավարությունը, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։ Չնայած գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը կայացված է, այնուհանդերձ, այն դեռ վերջնական չէ։ Ենթադրվում է, որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի։ Քննարկումները կշարունակվելու են։ Թեև շատ բան կարծես ակնհայտ է։

Գյումրու մաքսատան կառուցումը գնալով նմանվում է ՊԵԿ-ի Դիլիջանի հայտնի ուսումնական կենտրոնի շինարարությանը, որը վերածվել էր մի տեսական դանայան տակառի` լցնում էին ու լցնում, բայց չէր լցվում։ Ճիշտ է, այս դեպքում գործ ունենք ավելի համեստ գումարների հետ, բայց 6,2 մլրդ դրամն էլ փոքր չէ։ Այն համարժեք է գրեթե 13 մլն դոլարի։ Ու դեռ հարց է, դա բավակա՞ն է լինելու, թե՞ էլի ավելացնելու անհրաժեշտություն է առաջանալու։

Այդքանից հետո էլ պարզ չէ, թե այն ինչքանո՞վ է արդարացնելու իրեն, պե՞տք է արդյոք ունենա այնպիսի հարակից շինություններ, ինչպիսին, ասենք, ծառայողական բնակելի շենքն է` իր 30  բնակարաններով։

Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ըստ էության չկան։ Այնինչ, ի սկզբանե պիտի լինեին։ Եվ ոչ թե այն բանից հետո, երբ ծրագրի մի մասն արդեն իրականացվել է, ծախսվել են հսկայական գումարներ, ու հիմա առաջացել է նման անհասկանալի իրավիճակ։ Դա բերել է նաև ֆինանսների նախարարի և ՊԵԿ նախագահի հարաբերությունների լարմանը։ Թեև այդ լարվածությունը, ըստ էության, նոր չէ։

Ոչ վաղ անցյալում էլ ՊԵԿ նախագահն էր մեղադրանքներ հնչեցնում Ֆինանսների նախարարության հասցեին` բյուջեի եռամսյակային համամասնությունները պատշաճ չպլանավորելու, ծախսերը ժամանակին չկատարելու, հարկերի տեսքով տնտեսությունից հանված գումարները ժամանակին շրջանառության մեջ չվերադարձնելու և նոր հարկերի գոյացմանը չնպաստելու համար։

«Որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե հավելյալ և ոչ միայն հավելյալ հավաքագրված գումարներն ի՞նչ արագությամբ, ինչպիսի՞ ժամանակացույցով և ի՞նչ արդյունավետությամբ կարելի է ծախսել, որպեսզի շրջապտույտից հավելյալ հարկային եկամուտներ ունենայինք»,- մի քանի ամիս առաջ բողոքում էր ՊԵԿ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել