Panorama.am-ը գրում է.

«Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը» ,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ «Ադեկվադ» դիսկուրսի ընթացքում նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

Ղազինյանի խոսքով, Արցախի հարցի շուրջ իշխանությունը կատարում է քայլեր, որոնք հիմնված չեն կոնկրետ տեսլականի կամ ռազմավարության վրա։

«Ադրբեջանը 1994 թվականից էս կողմ վարում է Հայաստանի սպառման քաղաքականություն, իսկ հիմա հասել է դրա կուլմինացիային՝ սպառել բանակցային գործընթացը։ Հատկապես Ռուսաստանի արտգործնախարարի այցից անմիջապես առաջ, Ադրբեջանը ներկայացրեց իր կարմիր գիծը՝ հուշագիր վերջնագրի տեսքով։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունը պետք է ցույց տար իր կարմիր գիծը՝ նշելով, որ Հայաստանի հետ վերջնագրի լեզվով խոսել ուղղակի հնարավոր չէ։ Դա ազգային արժանապատվության խնդիր էր, մինչդեռ այսօրվա իշխանության մոտ ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու հարցում»,-ասաց նա։

Ըստ Ղազինյանի, բանակցային գործընթացը սպառելու և պատերազմի լեգիտիմ հիմքեր ստեղծելու համար Ադրբեջանը, փաստացի, գնում է կոնկրետ քայլերի։ Եվ այս առումով Հայաստանի իշխանությունները այդքան էլ սթափ չեն գնահատում իրավիճակը, և դրանից թելադրված կոնկրետ քայլեր չեն իրականացնում։

«Ինձ այդքան էլ չի անհանգստացնում Ադրբեջանի կարմիր գծեր ունենալու հանգամանքը, դա միշտ էլ եղել է, ինձ ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի կարմիր գծերի բացակայությունը։ Ինչու մենք չունենք սահմանված կարմիր գծեր։ Ինչու մեր իշխանությունը չի հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու։ Դա որոշակի կարմիր գիծ է, որպեսզի հասարակության մեջ լինի համոզմունք, վստահություն, որ այս իշխանությունը նշված գծից էն կողմ չի անցնելու»,- նշեց Ղազինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել