Pastinfo.am-ը գրում է.

Դատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, զրպարտելու գործերը պահվում են ըստ անհրաժեշտության դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու կամ որպես ինքնաբացարկի հիմք օգտագործելու համար ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ դատավորներ Մխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերով որեւէ տեղաշարժ չկա: Թեեւ շուրջ 7 ամիս է, ինչ քրեական գործերը հարուցվել են, սակայն որեւէ քննչական գործողություն, ըստ էության, չի կատարվում, անգամ զրպարտված դատավորները չեն հարցաքննվել։

«Չի բացառվում, որ ամբողջը նախապես պլանավորված սցենար է։ Տարբեր դատավորների դեմ այսպիսի տարբեր մանր ու մեծ բաներ ունենան, որ, եթե այդ դատավորի մոտ այս գործը հայտնվի կարողանան կա՛մ ճնշում գործադրել, կամ էլ, այսպիսի հորինված հիմքերով, ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնեն։ Ուղղակի տեսնում ենք, որ յուրաքանչյուր դատավոր, ով այս գործի հետ առնչվել է կա՛մ կատարել է դատախազության և դատախազությանը պատվեր տվողի պատվերները, կա՛մ հայտնվել է այսպիսի տարօրինակ իրավիճակում»,- նշեց Ալումյանը։

Նրա խոսքով՝ Դատախազությունն այն կառույցը չէ, որ բոլոր կասկածներից վեր լինի։ «Ես չեմ բացառում, որ այդ մեթոդները հենց այդ կառույցի մեջ նախագծված մեթոդներ են»,- ասաց Ալումյանը։ Հարցին, թե արդյո՞ք պատահական է, որ Արտակ Գալստյանի «Վանոյի Արտակ»-ի գրառման մեջ շոշափվում էր կոնկրետ դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի անունները, ովքեր համարվում են հեղինակավոր և բարձր վարկանիշ ունեցող դատավորներ՝ Ալումյանը պատասխանեց. «ախր ես չգիտեմ «Վանոյի Արտակ»-ը ով է։ Վանոն ենթադրում եմ՝ Սիրադեղյանի մասին է խոսքը, բայց ես ի՞նչ իմանամ, թե նա ով է, ինչ գրառում է կատարել։ Բայց ինչ-որ հորինված փաստարկ են բերել, որ այդ հիմքով ինքնաբացարկ հայտնի դատավորը։ Ես այդտեղ եմ տեսնում խնդիրը»։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ որևէ պահի շահերը համընկնեն։ «Ոչ մի դատավոր հիմա չի ուզում այս գործը քննի։ Ով կարողանում է այս գործի քննությունից ինչ-որ ձև խուսափել, խուսափում է։ Ես չեմ բացառում, որ այս դատավորն էլ այս առիթից օգտվի և խուսափի այս գործի քննությունից։ Այդտեղ ավելի մեծ խնդիր եմ տեսնում»,- ասաց Ալումյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել