Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի դատավորները գրագետ են, վաղ կենսաթոշակի չեն գնա, որովհետև երբ իշխանությունը փոխվի, հաջորդ իշխանություններն այդ գումարը հետ են ուզելու՝  որպես անհիմն հարստացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: «Որ գա ժամանակը, Վահե Գրիգորյանից էլ «գարու հաշիվը» կպահանջեն: Նա պետականության օրինականություններին հակառակ է շարժվում: Եթե այդ օրինաչափությանը դեմ ես գնում, դու ապագա չունես և շատ արագ կերպով վերջը գալու է»,- նշեց Վարդան Այվազյանը:

- «Սահմանադրական դատարանի մասին» նախագիծն ԱԺ օրակարգում է: Նախագծով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Կառավարությունը հաշվարկել է՝ եթե հրաժարական տան ՍԴ նախագահն ու վեց դատավորները, մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը նրանց տարեկան գրեթե 91 միլիոն դրամ կենսաթոշակ պետք է վճարի: Որպես սահմանադրագետ, ի՞նչ կարող եք ասել առաջակվող նախագծի մասին:

- Այս նախագիծը պետական միջոցների վատնում է: Սահմանադրական դատարանի դատավորները գրագետ և օրենքներից տեղյակ են, կարծում եմ, նման միամիտ քայլի ոչ մեկ չի գնա, որովհետև երբ իշխանությունը փոխվի, հաջորդ իշխանություններն այդ գումարը հետ են ուզելու՝ որպես անհիմն հարստացում: Ի՞նչ է նշանակում, մարդը չգնա աշխատանքի և մինչև կենսաթոշակի տարիք ստանա աշխատավարձ՝ իր պարգևավճարներով: Դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

- Բայց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված և ընտրված ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը բոյկոտում է Սահմանադրական դատարանի աշխատանքները, ՍԴ նիստերին չի մասնակցում, բայց աշխատավարձ է ստանում, ծառայողական մեքենա ունի:

- Սա էլ այս իրավիճակի անտրամաբանությունն է: Որ գա ժամանակը, Վահե Գրիգորյանից «գարու հաշիվը» չե՞ն պահանջելու: Այստեղ տեղին է հիշել Այգեկցու առակը, երբ ավանակի ձագը մորն անընդհատ հարցնում է՝ ախր, ինչո՞ւ են այդքան անարդար, մեր դեմը չոր խոտ են լցնում, իսկ այդ խոզին գարով են կերակրում: Մայրն ասում է՝ ոչինչ, մի օր այդ գարու հաշիվը նրանից պահանջելու են: Եվ գալիս է պահը, երբ մեծացրած խոզին տանում են, որ մորթեն, խոզի գոռգոռոցն են լսում: Մայր ավանակն իր ձագին ասում է՝ տես, խոզից գարու հաշիվն են պահանջում: Հիմա կգա ժամանակը, այդ «գարու հաշիվը» Վահե Գրիգորյանից էլ կպահանջեն: Ընդհանրապես, պետականության տրամաբանությունը ո՞րն է, այն օբյեկտիվ գործընթաց է, այնպես, ինչպես տարվա եղանակները, բնության երևույթները: Եթե այդ օրինաչափությանը դեմ ես գնում, դու ապագա չունես և շատ արագ կերպով վերջը գալու է: Նա պետականության օրինականություններին հակառակ է շարժվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել