Pastinfo.am-ը գրում է.

Թե ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց, նախագահը չի կարող պատասխանել, քանի որ այս տարիների ընթացքում, ըստ նրա, մեկն է պատասխանատու եղել դրա համար։

«Այս բոլոր տարիներին մեկն է պատասխանատու եղել և նա կարող է պատասխանել։ Բայց նաև պատասխանատու է ողջ ժողովուրդը, մենք բոլորս միասին։ Իրականում պետք է հետ նայել ու պատմությունը չմոռանալ, 88-ի հսկայական ողբերգության կողքին կար նաև Արցախի ազատության, անկախության համար մղվող, եւ ընդհանրապես, մեր ազգային ազատագրական շարժումը: Հետագայում պատերազմ, փակված ճանապարհներ, երկիր, որը չուներ բանակ, չուներ դրամ, չուներ Կենտրոնական բանկ եւ ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է սովորեր եւ կառավարեր: Սկիզբը շատ դժվար է եղել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ Սպիտակը քաղաք է, որ հոգի է ունեցել, հոգի է ունեցել ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով, եւ այդ հոգին կարծես սառել էր. «Մարդիկ, ովքեր 88-ին իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին, ծնողներին եւ զավակներին են կորցրել, 30 տարի Հայաստանի հյուսիսում ապրել են անմարդկային, անբնական պայմաններում, դոմիկներում: Եթե նույնիսկ բնակարան են ստացել, միեւնույնն է, քաղաքը կենդանի չի եղել: Մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գալ, քնելով չեն ապրում, եթե աշխատանք չկա, ուրախություն չկա: Մենք բոլորս զբաղված լինելով անկախության, Ղարաբաղի հարցերով, գուցե մեղավոր ենք, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ եւ սեր չենք տվել Գյումրուն»,-ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ թե՛ ինքը, թե՛ վարչապետ և թե՛ կառավարությունը, պետք է պատասխանատու լինեն, որ կյանքը վերադառնա Սպիտակ։
«Կյանքը քաղաք վերադարձնելը միայն վերակառուցելը չէ, վերակառուցել բառի մեջ պետք է իմաստը դնենք ոչ միայն շենքը կառուցելը, աշխատավայր ստեղծելն, այլև ընդհանրապես ուրախությունը, գեղեցկությունը վերադարձնելը պետք է հասկանանք...Իմ առաքելությունն այն է, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյումրի, որպեսզի յուրաքանչյուր հայ ոչ թե գնա արտասահման ամառն անցկացնելու, այլ գա Գյումրի: Այս քաղաքն այնքան առաջարկելու բան ունի՝ եւ մշակույթ եւ խոհանոց: Եկեք հարցին մոտենանք կառուցողական որ սրանից 10 տարի հետո շուռ չգանք եւ չասենք ինչու՞ չարեցինք»,-ասաց նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել