Բյուջեի քննարկումներն ամփոփելիս վարչապետ Փաշինյանն աղետի գոտու վերաբերյալ օգտագործեց բառացիորեն գրեթե նույն ձևակերպումը, ինչ 2003 թվականին՝ նախագահ Ռ. Քոչարյանը։

«Աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում...  սոցիալական  արտակարգ վիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ»,- Ն. Փաշինյան, դեկտեմբեր 2019:

«Աղետի գոտին պետք է վերափոխվի  և դառնա զարգացման  գոտի...» - Ռ. Քոչարյան,  2003 թ.:

Եթե 16 տարի անց՝ այսքան փոփոխություններից  հետո, նույն ձևակերպումն է  դարձյալ դառնում  ուղեցույց, ապա մենք պետք է ընդունենք, որ աղետ է տիրում ոչ միայն նշված կոնկրետ գոտում, այլ՝ մեր մտածողության մեջ, պետությունն ընկալելու մեր ունակությունների մեջ։

1988-ից մինչ այսօր ամենատարածված ձևակերպումը հետևյալն է. պետությունը ոչինչ չարեց, պետությունն աղետի գոտին մոռացավ, մարդկանց թողեց մենակ և այլն։ Սա մոտ 30 տարի ասել են թե՛ քաղաքական և հասարակական դեմքերը, թե՛ մամուլը, թե՛ մտավորականությունը, թե´ բանից անտեղյակները։ Այստեղ իսկապես կա հիմնարար աղետի գործոն, և այն միայն աղետի գոտուն չէ, որ առնչվում է։

Պետությունը՝ ՀՀ բոլոր կառավարությունները, աղետի գոտում իրականացրել է բազմաթիվ լուրջ ծրագրեր, լուծել բազմաթիվ սուր խնդիրներ։ Մեր պետությունը միաժամանակ պատերազմ է հաղթել և երկրի ավերված 1/3-ը վերականգնել։

Մենք ունենք պետության հատվածային ընկալում, որի մեղավորը 30 տարի շարունակ մեր կիսատ-պռատ վերնախավերն են եղել, որոնք հասարակ ժողովրդի մոտ պետության միասնական ընկալում չկարողացան սերմանել՝ միասնական խնդիրների համակարգով հանդերձ՝ աղետի գոտի, Արցախ, սահմանամերձ գոտի և այլն։ Մենք չկարողացանք ընկալել, որ աշխարհագրական բաժանումները նման խնդիրների դեպքում խիստ պայմանական են, որ դրանք բոլորը մեկ ամբողջ են, և մեկի անհաջողությունն ուղղակի մյուսի պարտությունն է, իսկ մի տեղ իսկական առաջընթացը, հաջողությունը՝ մյուսի հաղթանակը, պետության հաղթանակը։ Այս ընկալումը մեզ կդարձներ զարգացման գոտի։

Մյուս կարևոր խնդիրը ձևակերպման տակ ռեալ աշխատանքը դնելն է։

Այսօր բանտում գտնվող Ռ, Քոչարյանն աղետի գոտու համար արել է, թերևս, բոլորից շատ, բայց հիմա այդ մասին հիշել չի կարելի։ Ուրիշներն էլ են արել՝ պատերազմող երկրի երիտասարդ վարչապետ Բագրատյանն էլ,  Ս. Սարգսյանն էլ, Կարեն Կարապետյանն էլ։ Վստահ եմ՝ Փաշինյանն էլ կանի։

Ցավոք, այսօրվա Հայաստանի (նաև՝ երեկվա) մթնոլորտն այնպիսին է, որ  ուրիշների արածը տեսնելը լավ տոն չէ, այսօր նախորդների արածի վրա  կառուցելը չէ՛ զարգացումը, ուրիշի արածի մոռանալն է թրենդը, իսկ այսօր արվող ցանկացած բան, եթե անգամ կառուցվում է նախորդների աշխատանքի վրա կամ կրկնում նրանց արածը, աննախադեպ է և հեղափոխական։ Սա կոչվում է պետական մտածողության դեֆեկտ։ Ինչո՞ւ ենք մենք զարգացումը պատկերացնում միայն մե՛ր կետից սկսած։

Աղետի գոտում մենք ունեցել ենք փուլեր. սկսած 1988-ից մինչև այսօր և խորհրդային Հայաստանի իշխանություններից մինչև այսօր հսկայական գործ է արվել՝ ըստ տարբեր փուլերի տրամաբանության։

Իսկական հեղափոխական զարգացում է եղել երկրորդ նախագահի օրոք, և դրա մասին չպետք է վախենալ խոսել՝ գոնե այն պատճառով, որ Փաշինյանի և հաջորդների անելիքը և արվածը նկատվի, լինի ավելի լավը։

Տեղեկանք.

«Միայն Լինսի հիմնադրամի «Բնակարանաշինություն» ծրագրով Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 9 և ավելի բալ սեյսմակայունությամբ 149 շենք` 3674 բնակարանով: Շիրակում բնակիչներին է հանձնվել 86 շենք. 85-ը՝ Գյումրիում, մեկը` Ախուրյանում: Դրանցից 48-ը նորակառույց է, 38-ը` ուժեղացված և վերականգնված: Լոռիում բնակիչներին է հանձնվել 63 շենք, որից 49-ը Սպիտակում, 3-ը` Վանաձորում, 9-ը` Ստեփանավանում և 2-ը` Գուգարք գյուղում: Դրանցից 52-ը նորակառույց է, 5 –ը՝ ուժեղացված և վերականգնված: Ավարտվել է կիսակառույց 6 շենքի շինարարություն:

Գյումրի քաղաքում կառուցապատվել է քաղաքի մուտքը համարվող Երևանյան խճուղին, Շիրակացի փողոցը, Անտառավան թաղամասի բնակելի գոտին, Հույս թաղամասը և Շառլ Ազնավուրի հրապարակը: Սպիտակում կառուցվել են պայմանական անվանումներով Կենտրոն 1, Կենտրոն 2 և Կենտրոն 3 թաղամասերը: Այս նորաստեղծ բնակարանային համալիրի նախագիծը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենամյա մրցանակին:

Այսպիսով` 149 շենք, 3674 բնակարան: Սա նշանակում է, որ 3674 ընտանիք հրաժեշտ է տալիս ժամանակավոր տնակներին:

Պետական և դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների շնորհիվ լուծվել են 4969 ընտանիքի բնակարանային խնդիրները, որոնցից 4126-ը՝ «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին։

1998-2006թթ․ընթացքում ավելի քան 20 հազար ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակության ՀՀ Շիրակի և լոռու մարզերում 2001-2004թթ․ իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրի բնակարանների գնման վկայագրերի տրամադրման բաղադրիչի շրջանակներում 5914 ընտանիք ձեռք է բերել բնակարան։ 2005-2006 թվականներին նախաձեռնությունը շարունակվեց պետական բյուջեի միջոցների հաշվին, որի շրջանակներում լուծվեցին ևս 628 ընտանիքի բնակարանային խնդիրները։

2005-2006 թվականներին պետական միջոցների հաշվին ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում անավարտ շինարարության բնակելի տների ավարտման միջոցով լուծվել են 960 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները»։

Այսպես կարելի է երկար շարունակել։ Հետո անցնել, թե ինչպես, պետության արածը տեսնելուց հետո, մասնավորը սկսեց ակտիվ ներդրումներ անել, և իսկական զարգացումը նոր թափ ստացավ։ Իհարկե, աղետի գոտում կան շատ չլուծված հարցեր, որոնք պետք է վաղուց լուծված լինեին, կամ այնպիսիք, որոնց լուծումը նույնիսկ այսօր չի երևում։ Սրանք նույնպես միասնական խնդիրներ են, և պետք է փորձել լայն նայել դրանց լուծումներ գտնելու համար։

Իհարկե, 2003-ին և 2019-ին հնչած «զարգացում» ձևակերպումը չի կարող նույն բովանդակությունն ունենալ։ Այսօր նոր խնդիրներ պետք է դրվեն, նոր մոտեցումներ, նոր թանկ նախագծեր, որոնցից պետք չէ վախենալ։

Ի վերջո, զարգացումը միայն բնակարանը չէ. այն կյանքով լցված քաղաքներն ու գյուղերն են. աշխատատեղերը, թատրոնները, սրճարանները, համերգասրահները,  դպրոցներն ու բուհերը, տուրիզմը  և այլն։

Կարեն Կարապետյանի կառավարությունն այս ուղղությամբ բավականին հետաքրքիր ծրագրեր էր սկսել։ 2020-ի բյուջեում և ծրագրերում կա՞ն դրանք, թե՞ այս հարցում էլ ենք զրո կետից սկսում։

Կան շատ հետաքրքիր նոր առաջարկներ՝ կառավարությունից դուրս գտնվող անձանցից. դրանք քննարկելո՞ւ ենք, թե ժամանակը չէ դեռ, դրանք «մերը» չեն։

Գյումրին ունի զարգացման մեծ պոտենցիալ՝ իր օդանավակայանով։ Քննարկվու՞մ են Երևանից Գյումրիի օդանավակայան ուղիղ գնացքի հնարավորությունը, «Զվարթնոցը» բեռնաթափելու ծրագրերը, և արդյոք պե՞տք էր Ryanair-ը Զվարթնոց բերել, թե՞ գուցե միայն Գյումրի։ Քննարկո՞ւմ ենք Գյումրիի մարզադաշտը կարգի բերելու հարցը և հավաքականի որոշ խաղեր այնտեղ անցկացնելը, քննարկվու՞մ է Գյումրիում նոր համերգասրահի կառուցման հարցը և համաշխարհային բարձրորակ երաժշտություն և կատարողների Գյումրի բերելու հարցը և   Երևանից մարդկային հոսքեր ուղղելը։ Հեշտ է Երևանի կենտրոնում Ֆիլհարմոնիայի շենքի վրա հովանավորի անուններ փոխելը՝ իշխանության կոնյուկտուրայից կախված, իսկ գուցե փորձենք դա անել Գյումրիո՞ւմ։

Կարո՞ղ ենք որևէ հայտնի բրենդ բերել, ասենք, Սպիտակ։ Քարդաշյանի ներքնազգեստի արտադրությունը մի պահ կարծես դարձավ հայկական երազանք։ Բայց կան ուրիշ քարդաշյաններ և ուրիշ տեսականի։ Կարևորը խնդիրը դնելն է։

Ակնհայտ է, որ աղետի գոտու գյուղերի վերականգնումը հնարավոր է միայն ռեգիոնի քաղաքների վերականգնմանը համակցված, նոր տեսակի զարգացող ագլոմերացիաների տրամաբանության մեջ։ Ունե՞նք մշակված ծրագիր, թե՞ հիմա դրա ժամանակը չէ...

Ամփոփում

Երբեք չի կարելի ասել, թե պետությունը 31 տարում աղետի գոտու համար  բան չի արել։ Դա այդպես չէ, արել են բոլորը. այդ ընթացքում մեր փոքր պետությունը պատերազմ է հաղթել ու տնտեսություն վերականգնել։

Աշխարհի ամենատարօրինակ աղետի գոտին մերն է՝ ավերումից հետո  այդքան Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն տվող, այդքան տաղանդավոր մարդ տվող հասարակությունը զարգացման  ահռելի, աննկարագրելի պոտենցիալ ունի։ Պետության խնդիրն այդ պոտենցիալի ռեալիզացիայի ապահովումն է։

Աղետի գոտուց զարգացման գոտի անցումը մերը մտածողության մեջ է, և այն բյուջետային հատկացումներով չէ միայն ձևակերպվում։ Նոր մտածողություն է պետք, նոր նախագծեր, երկրում՝ նոր մթնոլորտ։


«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել