168.am-ը գրում է.

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այն փուլում չէ, որից կարելի է ակնկալել լուրջ զարգացումներ՝ լինի դա կարգավորման թե հակառակ ուղղությամբ:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ հակամարտության կարգավորման վերջին փորձը եղել է 2011-ին՝ Կազանում:

Ըստ քաղաքագետի՝ այն, որ շոշափելի առաջընթաց կարգավորման  գործընթացում հնարավոր չէ, կարելի է տեսնել նաև ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների և արտաքին գերատեսչությունների  ղեկավարների հայտարարություններում, որտեղ խոսվում է  գերիների փոխանակման, հասարակություններին խաղաղության պատրաստելու մասին:

«Պատրաստել չի նշանակում՝ որոշել»,- ընդգծեց Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Բրատիսլավիայի արտաքին գործերի նախարարների մակարդակով  հանդիպումից առաջ խնդրի կարգավորման մասին ադրբեջանական կողմի  դիրքորոշման արտահոսքին, այնուհետև  հայկական կողմի  պատասխանին, Ալեքսանդր  Իսկանդարյանը նշեց՝ կողմերն արտահայտեցին իրենց դիրքորոշումները:

«Ադրբեջանցիները փաստացի ասացին, որ համաձայն չեն  այն ամենի հետ, ինչ հայերն են ասում, հայկական կողմն էլ փաստորեն հայտարարեց, որ համաձայն չէ  նրա հետ, ինչ ասում է Ադրբեջանը:  Սա բավականին համոզիչ էր ասված երկու փաստաթղթերում էլ:  Ինչի՞ շուրջ են ընթացել  բանակցությունները,  Մամեդյարովը խոսել է Ստեփանակերտում դատապարտված ադրբեջանցիների փոխանակումից՝ «բոլորին բոլորի հետ» բանաձևով, ինչին հայկական կողմերը համաձայն չեն: Այն մարդկանց, ում վերաբերում է խոսքը, նրանցից առնվազն մեկը մարդասպան է, ինչը հատուկ իրավիճակ է ստեղծում, և որի դեպքում չի կարող աշխատել «բոլորին բոլորի հետ» բանաձևը հայկական կողմի համար: Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում ուղիղ տեքստով ասաց, ըստ էության, բավականին ակնառու բաներ, որ բանակցություններ են ընթանում երեք սկզբունքի հիման վրա, և այն, որ այդ սկզբունքներից մեկը մերժվում է և ասվում, որ խնդիրը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, իսկ ինքնորոշման իրավունքը բացառվում է այս կոնտեքստում, նշանակում է՝ հարցի դուրսբերում ԵԱՀԿ ՄԽ խմբի շրջանակում ընթացող  բանակցությունների  տրամաբանությունից և փիլիսոփայությունից: Լուրջ չեն հայտարարությունները, թե Արցախի ինքնավարությունը պիտի լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ Մնացականյանն  ասաց՝ կան սկզբունքներ, որոնցից ոչ մեկը չի կարելի բացառել, քանի դեռ կա բանակցային գործընթաց: Արցախի կարգավիճակի ճանաչումն Ադրբեջանի կողմից լինելու է բանակցությունների ավարտական, ոչ թե ելքային կետը: Եվ քանի դեռ այդ ավարտական կետին չենք հասել, ոչ մի տարբերակ չի կարելի բացառել»,- շեշտեց քաղաքագետը:

Այս համատեքստում Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ադրբեջանական կողմից արտգործնախարարների հանդիպումից առաջ դիրքորոշման արտահոսքը կարելի է տեղավորել Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, որոնք շատ կարևոր են:  Ադրբեջանի ներսում ներքին զարգացումներ են ընթանում, էլիտաների դիրքերի ամրապնդման պայքար:

Այս պրոցեսները համապատասխան կոնսոլիդացիայի անհրաժեշտություն են առաջ բերում, իսկ ղարաբաղյան հարցը միշտ կոնսոլիդացիայի գործոն է եղել: Ղարաբաղի հարցը միշտ որպես գործիք է օգտագործվել՝ էլիտաների և հասարակության կոնսոլիդացիայի համար: Սա շատ հարմար գործիք է, և հենց ներքաղաքական իրավիճակն է թելադրում, որ Ադրբեջանը դիրքորոշման կոշտացման անհրաժեշտություն է զգում»,- նշեց  Ալեքսանդր Իսկանդարյանը:

Միաժամանակ քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ թեպետ Ադրբեջանը կոշտ հայտարարություններ է անում, դժգոհում բանակցային գործընթացից, սահմանին ժամանակ առ ժամանակ սրում իրավիճակը, այդուամենայնիվ բանակցային գործընթացից դուրս չի գալիս և պատրաստվում է հաջորդ հանդիպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել