Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի հարցերին պատասխանում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Լիլիթ Պողոսյանը։

-  Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որոնք կապված են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից դուրս հանելու հետ։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

-  Սրանք դեռևս քննարկումներ են, որոնց ընթացք տրված չէ։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 15 տարի շարունակ դասավանդվում է և որոշակի առումով արդեն կայացած է դպրոցում։ Առարկան դպրոցական ծրագրից դուրս բերելու հետ կապված կարծիքները և՛ դրական են, և՛ բացասական։ Իհարկե, վերափոխման անհրաժեշտություն կա, ինչպես նաև մասնագետների ընտրության հետ կապված։ Հաջորդ տարի լրանում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի 25 ամյակը և տարեկան կտրվածքով բավական շատ շրջանավարտներ կան։ Լավ կլիներ՝նրանք ամբողջությամբ ընդգրկված լինեին առարկայի դասավանդման պրոցեսում։ Երբ անկախության փուլ  մտանք, միաժամանակ ՀՀ սկսեցին ներթափանցել տարատեսակ աղանդավորական քարոզիչներ և Հայաստանում ինֆեկցիոն հիվանդության նման սկսեցին տարածվել աղանդավորական հոսանքները։ Այսօր հայ առաքելական սուրբ եկեղեցին իր քարոզչական գործիքներով փորձում է պահպանել եկեղեցու  դերը և ծանոթացնել մարդկանց նաև հայոց եկեղեցու պատմության հետ, սակայն պետական լծակը նույնպես անհրաժեշտ է, որպեսզի երեխան հայեցի դաստիարակվի։ Առարկան երեխային պետք է  ծանոթացնի իր արժեքներին, հայ առաքելական եկեղեցուն, մյուս կրոններին։ Երեխաների մեջ դա նաև ժամանակի ընթացքում հանդուրժողականություն է ձևավորում նաև մյուս ազգերի, մյուս կրոնի ներկայացուցիչների նկատմամբ։ Երբ առարկայի գիրքը թերթում եմ, տեսնում եմ խնդիրները։ Առաջարկություններով էլ ենք հանդես եկել, երբ գրքերը պետք է նորից խմբագրվեին կամ վերահրատարակվեին, սակայն դրանք մնացել են  թղթի վրա՝ չունենալով համապատասխանաբար իրավական լծակ։

-  Կան խոսակցություններ, որ կներդրվի կրոնագիտություն առարկան։ Արդյո՞ք դա չի ծառայի միևնույն նպատակին։

-  Կարծում եմ՝ մեր հասարակության համար որպես առարկա տեղին է հայոց եկեղեցու պատմությունը։  Կարծում եմ, որ  կրոնագիտությունը դպրոցում դիդակտիկ և մասնագիտական առումով շատ ավելի բարդ կլինի մատուցել աշակերտին, քան հայոց եկեղեցու պատմությունը։ Առաջին հերթին մենք պետք է կարողանանք հասկանալ մեր առջև դրված նպատակը։  Որ խոսքն ենք ուզում, որ հասնի աշակերտին։ Խոսքն այլ է, եթե հարց դրված լինի, թե որ դասարաններում առարկան դասավանդվի։ Օրինակ կարող են այդ առարկան սկսել ուսումնասիրել միջնակարգ դպրոցում, իսկ ավագ դպրոցում այն դուրս գա։ Նպատակահարմար կլինի, եթե առարկայական ծրագրերը վերափոխվեն,  ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվի՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Ֆրանսիայում, երբ նկատեցին, որ մահմեդական քաղաքացիներն օրեցօր ավելանում են, դպրոցում ներդրեցին կաթոլիկ եկեղեցու պատմություն։ Այսինքն` դպրոցում եկեղեցու ուսումնասիրություն, որպեսզի ֆրանսիացին չկտրվի իր արմատներից։

-  Նշեցիք, որ շատ երկրներում կրոնի պատմությունը պարտադիր է դպրոցներում, իսկ  ուսումնասիրե՞լ եք դասավանդման մեթոդները։ Ի՞նչ առաջարկներով կարող եք հանդես գալ։

-  Այս խնդիրը միայն պետությունն ինքնուրույն չի կազմակերպում։ Այստեղ պարտադիր իրենց ներդրումն ունի նաև եկեղեցին։ Դասավանդումը որևիցե տեղ չի վերածվում քարոզի, որովհետև դա արդեն հակասահմանադրական է։ Երբևիցե դպրոցում ուսուցիչը չպետք է դասը վերածի կրոնական քարոզչության և ծրագրերը նման կերպ կառուցված են զուտ ծանոթագրական և իմացաբանական մեթոդի հիման վրա։

-  Կո՞ղմ եք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ինտեգրվի  «Հայոց պատմություն» առարկայի մեջ։

-  Վերջին օրերին ինքս էլ լսեցի առաջարկության մասին, որ ներառվի հայոց պատմության մեջ։ Հայոց եկեղեցու պատմության դերն ու նշանակությունն ուղղակի կտարալուծվի հայոց պատմության առարկայական ծրագրում։ Կարծում եմ՝ հայոց պատմության առարկայի ծրագրում որքան էլ ծրագիրը բարեփոխվի, մշակվի, խմբագրվի։ Ինչ նպատակով առարկան ներդրված է դպրոցում, ուղղակի կտարալուծվի հայոց պատմության շրջանակներում։

-  Կկարողանա՞ երկու նպատակ իրականացնել։

-  Պրոֆեսիոնալը ուսուցիչը մեծ ցանկության դեպքում կկարողանա, եթե նպատակ ունի աշակերտին տալ այն բազան, որն ինքն ունի։ Ես նորից մնում եմ իմ կարծիքին, որ հայոց պատմություն առարկայի շրջանակներում նպատակային առումով կտարալուծվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել