Hraparak.am-ը գրում է.

Մի քանի օր է՝ հետեւում եմ Վազգեն Մանուկյանի «Վերնատան» հավաքի արձագանքներին։ Ասեմ միանգամից՝ այդ արձագանքներով կարելի է լրիվ պատկերացում կազմել մեր հանրության հոգեկան վիճակի, իշխանությունների վախերի, ֆեյսբուքյան «հերոսների» ու ֆեյքերի իրական պատկերի մասին։ Նախ, հստակ երեւում է, թե ինչպես են մի կենտրոնից հրահանգել ամեն գնով «փչացնել» այս ակումբն ու նրա մասնակիցներին։ Եվ փչացնելու այլ եղանակ չեն գտել, քան հավաքվածներին որպես «մեռած-հին» գործիչներ ներկայացնելն է, որոնց դարն իբր անցել է։ Չեմ առարկում՝ հին դեմքերը շատ էին այդ հավաքին, բայց, նախ, ջահելներ էլ կային։

Երկրորդը՝ քաղաքական գործունեությունը, կարծիք հայտնելը տարիք չեն հարցնում։ Եթե մարդը նախկին պատգամավոր է, նախկին վարչապետ ու նախարար, տնտեսագետ է, պատմաբան, ֆիզիկոս, ինչ-որ ոլորտ է ղեկավարել, ինչո՞ւ իր փորձն ու տեսակետները չկիսի հանրության հետ, իր նկատած վտանգների մասին չզգուշացնի ՀՀ քաղաքացիներին։ Ամբողջ աշխարհում է այդպես՝ մարդն անգամ եթե թոշակի է գնում, ապա տարբեր լսարանների համար դասախոսություններ է կարդում, իր գիտելիքները փոխանցում երիտասարդ սերնդին։

Եվ երիտասարդներից ոչ ոք չի ասում՝ մենք քո խոսքի կարիքը չունենք, դու տարիքդ առել ես՝ գնա տանը նստի ու սպասի մահվանդ։ Եթե հետեւել եք արձագանքներին, ապա նկատած կլինեք, որ «քննադատողներից» ոչ մեկը ելույթների բովանդակությանը չէր անդրադառնում, չէր քննարկում «Վերնատան» անդամների ասածները։ Քննարկում էին նրանց անձն ու ակումբի անվանումը։ Լրագրողներին էլ, ի դեպ, հետաքրքրում էին միայն ակումբի ֆինանսավորումը եւ ներկա- բացակաների ցանկը։ Թեեւ այդպես էլ չհասկացվեց, թե այդ ինչ ֆինանսավորման մասին է խոսքը․ եթե ընդամենը դահլիճը մի 2 ժամով վարձակալելու մասին է, ապա դա այնքան էլ մեծ գումար չի պահանջում։

Առհասարակ, ամեն շարժվող բան պիտակավորելը, ամեն նոր նախաձեռնություն վարկաբեկելը, ամեն խոսողի բերանը ծեփելը, ինձ թվում էր, հանրապետականների ձեռագիրն է, բայց փաշինյանական թիմն այս հարցում էլ գերազանցեց նրանց։ Փաստորեն, այս երկրում հավաքվելու, քննարկումներ անելու, կարծիք հայտնելու իրավունք ունեն միայն իշխանամերձները։ Մյուսները ձայնազուրկ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել