168.am-ը գրում է.

Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գիրք էր նվիրել: Խոսքը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի մասին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են: Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»:

Ռուսաստանցի դիվանագետ, 1992–1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «168 Ժամի» հետ զրույցում փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչու ՀՀ վարչապետը հե՛նց այդ գիրքը նվիրեց ՌԴ նախագահին, ո՞րն էր նման նվերի ուղերձը ՌԴ նախագահին, և ինչպե՞ս է փոխվել ՌԴ համանախագահության առաջնահերթություններն իր համանախագահությունից հետո:

Վլադիմիր Կազիմիրովը տեղեկացրեց, որ մոտավորապես մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է այդ գրքի հետ կապված հարցը և նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ի միջոցով Երևանում գտել է այդ գրքի երկրորդ հրատարակությունը՝ խորհուրդ տալով Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ հատկապես երկրորդ՝ 2009 թվականի հրատարակությանը, քանի որ մի քանի փոփոխություններ և հավելումներ է կատարել առաջին հրատակությունից հետո: «Իսկ ինչո՞ւ է վարչապետը որոշել այդ գիրքը նվիրել, դժվար է ասել: Դա նա պետք է ասի»,- ասաց նա:
Նրա փոխանցմամբ, գրքում ներառված է հակամարտության սկզբնական պատմությունը, կնքված փաստաթղթերի բովանդակությունն ու ժամանակագրությունը, պաշտոնական փաստաթղթերի պատճենները, որոնք կնքվել են բացառապես Ստեփանակերտի և Բաքվի միջև, ինչը շեշտում է, որ հակամարտությունը եղել է երկու կողմի միջև:

«Իհարկե, անցել է 25 տարի իմ համանախագահության տարիներից, մի քանի տասնամյակ անց, բնականաբար, կարող են լինել փոփոխություններ կողմերի և միջնորդների դիրքորոշումներում, չեմ բացառում նման փոփոխությունների հավանականությունը, բայց ասել, որ դրանք առանցքային են Ռուսաստանի դեպքում՝ չեմ կարող»,- ասաց Կազիմիրովը:

Նա նշեց, որ դժվար է մեկնաբանել ներկայիս գործընթացի տրամաբանությունը, քանի որ իր համանախագահության տարիներին, ըստ նրա, ընթանում էր իսկապես ինտենսիվ բանակցային բնույթի գործընթաց հակամարտության բոլոր երեք կողմերի միջև: «Իսկապես բոլոր նման բնույթի բանակցությունները վարվում էին մինչև 1997 թվականի ապրիլ՝ և՛ ռուսական միջնորդությամբ, և՛ հետագայում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում եռակողմ ձևաչափով: Հետագայում հայտնվեց նոր գիծ, որի էությունը մաքոքային դիվանագիտությունն է»,- ասաց նա:

Ռուս նախկին համանախագահն այժմ խուսափում է անդրադառնալ կողմերի արած հայտարարություններին, ներկայումս նրանց վարած քաղաքականությանը Արցախի հակամարտության հարցում: Սակայն, Կազիմիրովի խոսքով՝ ինչպես նախկինում, ներկայումս էլ բանակցային գործընթացի կողմնակիցն է: «Առավելապես հավատում եմ բանակցային գործընթացի հնարավորություններին, այսինքն՝ բանակցային բնույթի նիստերի անցկացում և ոչ մաքոքային դիվանագիտություն՝ պարբերական հանդիպումներ ամենաբարձր մակարդակով՝ երկրների ղեկավարների և նախարարների միջև: Ինձ թվում է, որ հետզհետե կարելի է համաձայնեցնել նաև այն քաղաքական տեքստի մնացած 20 տոկոսը, որը 1997 թվականին մնաց առանց համաձայնեցման: Կողմերը պետք է վերադառնան բանակցություններ վարելու նախկին մեթոդիկային, որն ավելի արդյունավետ է: Մաքոքային դիվանագիտությունը ենթադրում է պարբերական հանդիպումներ կողմերի միջև և այցեր հակամարտող երկրներ, հանդիպումներ երրորդ երկրներում՝ Փարիզ, Մոսկվա, Վաշինգտոն և այլ կետեր, բայց դրանք ավելի հազվադեպ հանդիպումներ են, քան, եթե ընթանային համակարգային բանակցություններ, որը կնշանակեր ամիսը մեկ հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը քննարկում են փաստաթղթի տեքստ և գտնում են ելքեր համաձայնեցնելու այն վիճարկելի կետերը, որոնք չհամաձայնեցված են մնացել: Իսկ թե որքանով է մաքոքայի դիվանագիտությունն արդյունավետ, ես կասկածներ ունեմ»,- ասաց Կազիմիրովը: Նրա գնահատմամբ, մեծ ռիսկ կա, որ հակամարտությունը կմնա ապագա սերունդներին: «Բայց կցանկանայի հավատալ, որ հակամարտող բոլոր կողմերի գիտակցությունն ունակ է նրանց դուրս բերել արագ կարգավորման՝ չթողնելով այն մյուս սերունդներին»,- ասաց ռուսաստանցի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել