Pastinfo.am-ը գրում է․

Զինծառայող Արամ Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալ կրտսեր սերժանտ Հարությունյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։

Ժամկետային զինծառայող Արամ Խաչատրյանն սպանվել է 2017թ. հոկտեմբերի 20-ին. Նա հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր ժամը 12:40-ի սահմաններում, մարտական դիրքում ու մինչ կտեղափոխվեր զինհոսպիտալ՝ ճանապարհին հրազենային վնասվածքից մահացել է: Կատարվածը նախ փորձ էր արվել ներկայացնել որպես հակառակորդի կողմից կատարված սպանություն, սակայն հետագայում պարզվեց, որ նրանց մահացու հրազենային վնասվածք պատճառել էր համածառայակիցը։

Նախաքննության տվյալներով՝ դեպքի օրը տուժածը հերթապահություն է իրականացրել կոչումով կրտսեր սերժանտ Դավիթ Հարությունյանի հետ, իսկ նրանց միջեւ եղել են լարված միջանձնային հարաբերություններ։ Հոկտեմբերի 20-ին` ժամը 12:40-ի սահմաններում, խրամաբջջի մոտ, առույգ հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, կրտսեր սերժանտն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի փողն ուղղել է շարքային Ա.Խաչատրյանի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել, որի հետևանքով վերջինս կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է հրազենային գնդակային, թափանցող մահացու վնասվածքներ: Տեսնելով, որ իր գործողությունների հետևանքով Ա.Խաչատրյանը այլևս կորցրել է դիմադրելու և սեփական կյանքի համար պայքարելու ունակությունը՝ հենց ինքն էլ փորձել է կեղծ վարկածներ դնել շրջանառության մեջ, թե իբր Ա.Խաչատրյանը սպանվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով, իսկ այնուհետև հայտնել է, թե իբր Ա.Խաչատրյանն ինքն իրեն է հրազենային վիրավորում պատճառել:

Նախաքննության վարկածով՝ դեպքի նախորդ օրը եւս խնդիր էր արձանագրվել կրտսեր սերժանտի եւ Արամի միջեւ՝ վերջինիս կողմից ոտքից քաշելով նրան քնից արթնացնելու համար, որպեսզի անցնի հերթապահության։ Իսկ մինչ այդ նույն պատճառով՝ վիճաբանություն էր ունեցել նաեւ մեկ այլ զինծառայողի հետ ու բռնություն գործադրել նրա նկատմամբ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ սպանության մեջ մեղադրվող կրտսեր սերժանտը նաև տուժել է, նրա նկատմամբ եւս այլ զինվորների կողմից բռնություն է գործադրվել։

Դավիթ Հարությունյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել սպանության եւ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար՝ երկու դրվագով, ու նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման։

Մեղադրյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ Արամին սպանելու մտադրություն չի ունեցել, թե, իբր, կատակով է զենքը ուղղել նրա վրա, ով ասել է, թե դա ինչ խաղալիք է ու բռնել է զենքից: «Նա այս ու այն կողմ էր տանում զենքի փողը, ասում էր կրակի, «ազարտի» էր գցում, ինքն էլ էր հասկանում, որ այդ զենքը կրակել չի կարող, նա էլ կատակով փորձել է վախեցնել ու մեկ անգամ ապահովիչը չխկացրել է, որ ձայնը գա ու քաշվի: Երբ քաշել է ձգանը, անակնկալ կրակահերթ է արձակվել»,- դատարանում ասել է մեղադրյալը՝ ավելացնելով, որ չի հիշում, թե ինչ է կատարվել, միայն գոռացել է, որ օգնեն Արամին ու փրկեն նրա կյանքը:

Կրտսեր սերժանտի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով նրան արդարացնել ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել