168.am-ը գրում է․

«Փաշինյանի հետ Լավրովի համաձայնության համար, կարծում եմ՝ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն:

Խոսելով գնահատականներից, թե ՌԴ ԱԳ նախարարի այցն անցավ դրական մթնոլորտում, Դուբնովն ասաց, որ Սերգեյ Լավրովը հյուրի կարգավիճակում էր, նա պետք է սիրալիր լիներ և նա սիրալիր էր այնքանով, որքանով իր դիտարկումները չէին հակասում իր նախկին հայտարարություններին:

Դուբնովի գնահատմամբ՝ այն ամենը, ինչ Լավրովն ասաց Երևանում, կարելի է համարել դիվանագիտական էթիկետի շրջանակում: «Այն, ինչ «տանտերերին» պետք է դուր գար, դա ԼՂ հակամարտության ընդունելի լուծում էր Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ հայտարարության շուրջ, կարծում եմ, արդեն իսկ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին: Առավել ևս կարծում եմ, որ տեսանելի ապագայում կլինի այց Բաքու, որը կանցնի նույնպիսի սիրալիր մթնոլորտում, ինչպիսին երևանյան այցը: Այն, ինչ «պարտք» է ռուսական կողմն ադրբեջանցի քաղաքական գործիչներին, կվերադարձվի առաջիկա այցի ընթացքում Բաքու: Այնպես որ, ավելին այս ամենում չպետք է տեսնել, քան կա»,- ասաց Վադիմ Դուբնովը:

Գնահատելով հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված վերջին նորությունները՝ 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկումը, բիոլոգիական անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հուշագրի պատրաստումը, Դուբնովն ասաց, որ դրանք միայն ծիսական բնույթի ձեռքբերումներ են երկկողմ հարաբերություններում:

«Ռուսական բազան Գյումրիում, իմ կարծիքով, ռազմական գործոն չէ, դա լիովին ծիսական բնույթ է կրում, լաբորատորիաների առնչությամբ ասեմ, որ ակնհայտ և հասկանալի էր, որ այնտեղ ոչ ոք ոչինչ չի պատրաստվում գտնել, պարզապես դա մի կարևոր միջոցառում է, որը պետք է իրականացվեր՝ հաշվի առնելով Երևանի նվիրվածությունը Ռուսաստանին, և դա ուշագրավ է համեմատության մեջ, այսինքն՝ երբ համեմատում ենք Երևանի և այն մայրաքաղաքների մոտեցումն այդ հարցում, որոնք ևս ունեն նման լաբորատորիաներ, և որոնց հետ Ռուսաստանը նման հուշագիր չունի»,- ասաց Դուբնովը:

Նրա համոզմամբ՝ Երևանի համար կարևոր էր փակել այն կասկածները, որոնք հայկական և ռուսական հասարկությունների մի մասը շրջանառում էր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, փորձ է արվում փակել «այն դաշտը, որտեղ Փաշինյանի հակառակորդները կարող էին խաղալ»:

Նրա գնահատմամբ՝ այս փուլում դա հաջողվեց Փաշինյանին, դա արդեն ոչ թե արտաքին, այլ ներքին հարց է: «Այս այցը հնչած վերջին ակորդներից մեկն էր այս ուղղությամբ, այս «ստեղծագործությունը» հաջողվեց, և դա ներքաղաքական սպառման համար էր: Իսկ հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից՝ ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչ էր պետք այդ հարաբերություններում փոփոխել: Եթե իրապես խոսենք, կարելի էր շատ բան փոխել, բայց չեմ կարծում, որ հնարավոր էր լրջորեն ինչ-որ բան փոխել: Կարող ենք ասել, որ մասնակիորեն լուծվել է անձնական շփումների հաստատման հարցն իշխանությունների միջև, որը ևս խնդիր է եղել հայ-ռուսական հարաբերություններում: Բայց դա էապես կապ չունի նրա հետ, ինչ մենք կոչում ենք հայ-ռուսական հարաբերություններ»,- ասաց Դուբնովը:

Խոսելով ՀՀ վարչապետի Ղարաբաղյան այն դիտարկումներից, որոնք արժանացան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հավանությանը, Վադիմ Դուբնովն ասաց, որ չի կարծում, թե այդ հայտարարություններն իրենցից մեծ կարևորություն են ներկայացնում: «Կարծում եմ, որ այն բանաձևը, որը տվել է Փաշինյանը՝ երեք ժողովուրդների շահերը հաշվի առնելու մասին, դա մի բանաձև է, որը ժամանակավորապես ծածկում է կարգավորման ռազմավարական առաջընթացը, բայց այնպիսի մի բան է, որը նաև թույլ չի տալիս ետ ընթանալ: Բոլոր կողմերը ներկայումս բավարարված են, որ չկա ընթացք դեպի ետ, դա կարևոր է նրանց համար»,- ասաց Վադիմ Դուբնովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել