Hraparak.am-ը գրում է․

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ

- Պարոն Աթաբեկյան, չնայած Դուք ասացիք, որ միջադեպն անձնական պատճառներով է, բայց մենք պարզեցինք, որ Ձեր քվեարկությունն է եղել պատճառը, կուսակցությունը դեմ էր, բայց Դուք ձեռնպահ եք քվեարկել Գեւորգ Պետրոսյանի՝ նույնասեռականների ամուսնությունն ու երեխա որդեգրելն արգելող նախագծին։ Նախ խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ էիք ձեռնպահ, ապա նաեւ միջադեպից խոսենք։

- Ըտենց եմ կարծում, որ ձեռնպահ պիտի քվեարկեմ։

- Ինչպես Պետրոսյանը, Դո՞ւք էլ մտահոգություն ունեք նույնասեռականների հարցում եւ ուզում էիք պարզաբանումներ ստանալ։

- Մտահոգություն չունեմ, ուղղակի լավ ծանոթ չէի նախագծին, մտածեցի ձեռնպահ քվեարկեմ, որ քննարկման ընթացքում պարզ դառնար՝ ինչի մասին է խոսքը։

- Ձեր կուսակիցները, տեսանք, աղմուկ էին բարձրացրել, ասում էին, որ դա շահարկում է, ընդհանրապես պետք չէր հարցը բերել օրակարգ, համաձայն չե՞ք նրանց հետ։

- Երեւի խառնել եք, մյուս օրենքի հետ էր իրենց մտահոգությունները։

- Ոչինչ չեմ խառնել, նույն օրենքի հետ կապված էր, Արարատ Միրզոյանն էլ վրդովվեց, թե էդ ինչ հարց է, որ քննարկում եք։ Պաշտոնական կայքում էլ ենք տեսնում, որ Դուք հենց այդ օրենքին եք ձեռնպահ քվեարկել։

- Հա, ի՞նչ։

- Եվ այդ քվեարկությունը պատճառ դարձավ, որ ընդհարվեք խմբակցության քարտուղարի հետ։

- Չէ, դրա հետ կապված չէր։

- Սիմիդյանը բացատրություն է պահանջել, թե ինչու եք դեմ գնացել։

- Նման բան չկա։ 

- Իսկ ինչո՞ւ ձեր խմբակցությունը չցանկացավ նախագիծը բերել օրակարգ, այն դեպքում, երբ դուք առանձնապես դեմ չէիք։

- Դե, մեկը կարա համաձայն լինի, մեկը չլինի, օրենք է՝ կարող են քննարկել, կարող ենք չքննարկել, ամեն մեկն իրա կարծիքն ունի։

- Իսկ Ձեր կարծիքը ո՞րն է՝ Դուք է՞լ ունեք մտահոգություն, որպիսին առաջարկվող փոփոխություններն են։

- Ես կուզեի մի քիչ ավելի մանրամասն տեղեկանալ, լսեի, որ կարծիք կազմեի, հասկանայի, որ Պետրոսյան Գեւորգն այդ օրենքը բերում է, ի՞նչ ի նկատի ունի։ Հիմա ես ի՞նչ մեղք ունեմ, որ հերթը դրան չհասավ։

- Ափսոսո՞ւմ եք, որ այդպես էլ Ձեզ հնարավորություն չտվեցին հասկանալ՝ ինչն ինչոց է։

- Չէ, չեմ ափսոսում, գուցե իրենք ավելի ճիշտ էին, մի քանի բան խորացված ավել գիտեն, քան ես։

- Նախապես չե՞ք քննարկում, ապա նաեւ քվեարկությունը ճշտում խմբակցությունում։

- Չէ, ինչի՝ չգիտե՞ք, որ առաջվա բարքերն էլ չկա։

- Այո, էլ առաջվանը չէ՝ առաջ նախապես որոշում էին, որ հետո իրար չքաշքշեին։

- Դա, ուղղակի համընկեց, մենք չենք քաշքշել իրար։

- Տեսնողներ կան։

- Ես Ձեզ անկեղծ խոսք եմ տալիս, որ Սիմիդյան Հակոբի հետ կյանքում իրար հետ էդ դիրքում հայտնված չկանք։

- Ո՞ր դիրքում։

- Որ ըտենց մեկս մեկին քաշի։

- Իսկ ի՞նչ դիրքերով եք հայտնվել։

- Փաթաթվում ենք, որ երկար ժամանակ չենք տեսնում, ողջագուրվում ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել