168.am-ը գրում է․

«Ազգային գիտակցություն և արժեհամակարգ ունեցող ուսանողների փողոց դուրս գալը քմահաճույք չէ, սա հիմնավորված պահանջ է»,- ասում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների բողոքի ակցիաներին:

Հոգեբանը վստահ է՝ շուտով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող մարդկանց շարքերը կավելանան:

«Ինտելեկտուալ մասսան, որը դեռ վախենում է միանալ, շուտով միանալու է, որովհետև Հայաստանում, ի ուրախություն ինձ, ապրում են մարդիկ, ովքեր ունեն ազգի պատասխանատվության զգացողություն, գիտեն հայոց պատմություն, «մոդայիկ չեն», ունեն արժեհամակարգ, որով ապրում են»:

Միհրդատ Մադաթյանը մտավախություն ունի, որ, եթե Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները դառնան ոչ պարտադիր, մեր սերունդները կմնան «անհայրենիք»:

«Ազգն ինքնորոշվում է մի շարք միավորներով, որոնցից ամենակարևորը լեզուն է, եթե լեզու չկա, ազգը վերանում է: Մեր սուպերնախարարը, մի շարք նախարարությունների, չգիտեմ՝ ոնց իրար հետ համակցվող, փորձում է Հայոց լեզվի կարևորությունը ստորադասել: Երկրորդ միավորը մշակույթն է. այն, ինչ արվեց պետական ֆինանսավարմամբ («Հուզանք ու Զանգ» պերֆորմանսի ֆինանսավորումը), որևէ կապ չունի մեր նիստուկացի, մեր մշակույթի, ոչ էլ ավանգարդիզմի հետ: Եթե սա արվեր առանց կրթության նախարարի օժանդակության՝ մենք կասեինք, որ սա հաջող կամ անհաջող փորձ է, ու կանցնեինք առաջ»,- ասում է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ զրուցել էր ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողների հետ և ասել, որ Արայիկ Հարությունյանը միայնակ որոշումներ չի կայացնում, կրթական բարեփոխումներն անում է ամբողջ Կառավարությունը:

«Վարչապետն ուսանողների հետ զրույցում հստակ ասաց՝ ես վարելու եմ ազգաքանդ քաղաքականություն, ես կրթությունը փորձելու եմ ստորադասել, չնայած որ ասում են՝ պետք է կրթված լինենք, վարչապետն իր վարքագծով ասում է, որ ամեն ինչ տեղի է ունենալու իր քմահաճույքով, հաշվի չի առնելու հանրության կարծիքը»,- ասաց Միհրդատ Մադաթյանը:

Անդրադառնալով երեկ երկու ուղղություններով տեղի ունեցած բողոքի ակցիաներին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ՝ Միհրդատ Մադաթյանն ասաց՝ գործող Կառավարության սխալներն այնքան շատ են, որ հնարավոր չէ կենտրոնանալ մեկի վրա, «ֆոկուսը ցրվում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել