Armeniasputnik.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանին ուղեկցող շտապօգնության բժիշկը դատարանին տեղյակ է պահել, որ նա ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին։

Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով այսօրվա նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի նոյեմբերի 19–ին, ժամը 14–ին։ Այս մասին հայտարարեց նիստը նախագահող` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը մասնակցում էր դատական նիստին, սակայն այն հետաձգվեց, քանի որ Գրիգորյանը սկսեց իրեն վատ զգալ։

«Հաշվի առնելով այն փաստը, որ Մանվել Գրիգորյանը բացակա է նիստից, դատարանը որոշեց նիստը հետաձգել։ Գրիգորյանին ուղեկցող շտապօգնության բժիշկը դատարանին տեղյակ է պահել, որ նա ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին»,–ասաց դատավոր Մարտիրոսյանը։

Դատավորը հայտնեց, որ ըստ բժշկի` նիստի ժամանակ Գրիգորյանն ունեցել է շնչառական անբավարարության նոպա, ուժեղ ցավեր և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում։

Հիշեցնենք, որ Գրիգորյանին այսօր դատարանում ուղեկցում էին շտապօգնության աշխատակիցները, նա շնչում էր արհեստական շնչառության սարքի օգնությամբ։ Այսօր կայացած նիստի ժամանակ դատարանը մերժեց նաև Գրիգորյանի պաշտպանների` դատավորի դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Նոյեմբերին 5–ին` նախորդ նիստի ժամանակ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանքը չփոխել` մերժելով պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել