Iravunk.com-ը գրում է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փակագծեր է բացել Հանրապետության հրապարակի մետրոյի կայանի շատրվանների մոտ օրերս տեղի ունեցած խայտառակ «ՀուԶանք ու Զանգ» «ներկայացմանը» նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ: Նա նշել է, որ նախարարն ու նախարության աշխատակազմը լուրջ ազդեցություն չունեն այս հարցում: Ա. Հարությունյանի պնդմամբ` կան մասնագետներ, որոնք լավ գիտեն ոլորտը եւ ըստ ոլորտների ձեւավորվում են հանձնախմբեր, որոնք դիտարկելով բոլոր աշխատանքները` գնահատական են տալիս: Կոնկրետ նշյալ ներկայացման մասով նախարարը շեշտում է, որ դրական եզրակացություն տված հանձնաժողովի անդամներն են եղել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, ռոք երգիչ, երգահան Գոռ Սուջյանը եւ եւս մեկը:

 «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, որն այս օրերին գտնվում է Գերմանիայում: Խոսելով «ՀուԶանք ու Զանգին» դրական եզրակացություն տալու մասին` նա ընդգծեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ` թյուրիմացություն է տեղի ունեցել եւ նախարարին սխալ տեղեկություն են փոխանցել: Ինչպես նշել էր Գոռ Սուջյանը, մեզ հրավիրել էին մասնակցելու նախարարության նիստին, որպես երիտասարդ երաժիշտներ: Անձամբ ես` հավանություն չեմ տվել այդ նախագծին, այլ քվեարկել եմ կողմ 10 այլ, իմ կարծիքով` արժանավոր նախագծերի, եւ ինձ մոտ պահպանված է, թե որոնք են այդ նախագծերը: Ասեմ ավելին` նախարարության նիստի օրը` օգոստոսի 14-15-ին, ես գտնվում էի հյուրախաղերով արտասահմանում եւ իմ նախընտրությունները նիստի անդամներին զանգով` ուղիղ միացմամբ եմ հայտնել: Իհարկե, մինչ այդ որոշումս նախապես ուղարկել էի նախարարություն: Ես այդ միջոցառումը, թե ներկայացումը երբեւե չեմ դիտել եւ որեւիցե տեղեկություն էլ չունեմ, որպեսզի կարողանամ կարծիք արտահայտել այդ կապակցությամբ։ Բայց, քանի որ շոշափվել է իմ անունը, ես պնդում եմ, որ հավանություն չեմ տվել այդ նախագծին, քանի որ ցուցակում կային, իմ կարծիքով, շատ ավելի հետաքրքիր եւ կարեւոր նախագծեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել