Tert.am-ը գրում է.

Այսօրվա ԿԳՄՍ նախարարության արածներից բացարձակ չեմ զարմանում, իրենց լոգիկայի մեջ է նման բան ստեղծել ու ներկայացնել որպես բարձր արվեստ, սակայն դա խղճուկ տեսարան էր ինձ համար, փողոցային ինչ-որ բան, երիտասարդների պոռթկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ–ի տրամադրած միջոցների հաշվին:

«Դա ինքնահաստատվել ցանկացող երիտասարդների պոռթկում էր, ես դրան նորմալ եմ նայում, այլ բան է, երբ երիտասարդների այդ պոռթկումները նախարարության հովանավորությամբ տարածվում և հասանելի են դառնում հասարակությանը: Միանշանակ վատ եմ վերաբերվում նման դրսևորումներին: Դրա մեջ ֆեմինիզմի տարրեր կային, դրսից մեզ պարտադրված օրակարգ է, որն ընդհանրապես կապ չունի մեր հասարակության և առհասարակ մեր մշակույթի հետ: Դա պսևդոմշակութային ինչ-որ դրսևորում էր, խղճուկ տեսարան»,- ասաց նա:

Ըստ Սահակյանցի՝ ինքն ընդհանրապես փորձում է ուշադրություն չդարձնել այդ կառույցին, որն ուղղակի պառակտված է, և պահանջվում են ինչ-որ քայլեր՝ ազատվելու այդ ամեն ինչից:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջներին, Սահակյանցն ասաց, որ պետիցիա է գնում համացանցում՝ նախարարի հրաժարականի պահանջով, որին ինքն էլ է մասնակցել և ստորագրել. «Համարում եմ, որ այդ մարդն իրավունք չունի զբաղվել հայ մշակույթով, նա չի որոշում հայ մշակույթը, մշակույթը որոշվում է ժամանակի ընթացքում, իսկ այն, ինչ որ նա է փորձում այսօր անել, ուղղակի սարսափելի է, նա ուղղակի ոչնչացնում է հայկական մշակույթը»,- նշեց նա:

Դիտարկմանը՝  նախարարը հայտարարել է, որ իր սկզբունքն այն է, որ մշակույթում չի լինելու ցենզուրա, Սահակյանցը շեշտեց. «Ցենզուրան շատ կարևոր բան է: Ես խոսում եմ ոչ թե այն ցենզուրայի մասին, որ հենց Արայիկ Հարությունյանն է ասում, այլ ներքին ցենզուրա գոյություն ունի, որն ամենակարևոր գործոնն է արվեստի մեջ: Մենք այսօր տեսնում ենք, որ ներքին ցենզուրա չունի այդ ստրուկտուրայի ղեկավարը, և եթե չկա ներքին ցենզուրա, ապա մնացածի վրա աչք է փակվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել