Hraparak.am-ը գրում է․

Քաղաքական ներկա թոհուբոհի մեջ օդում պարբերաբար, սառը ցնցուղի պես մի նախադասություն է շրջում. «Բա որ սկսեմ խոսել»: Հասցեատիրոջ պատասխանը չի ուշանում. «Բա որ ե՛ս սկսեմ խոսել»: Այս քաղաքական հաթաթա-երկխոսությունն ընթանում է քաղաքական ամենավերին «էլիտայի» ներկայացուցիչներից մինչեւ մարզային հիմնարկների պաշտոնյաներ: Հաթաթաների մեկնարկը դրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր պաշտոնավարման 100 օրը նշելու հանրահավաքում հայտարարեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք. ես Ղարաբաղի հարցով դեռեւս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, եւ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետեւ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել՝ ա՛յ երկիր թալանածներ, ա՛յ բանակ թալանածներ, ա՛յ զինվորին թալանածներ, ա՛յ սերմացու գողացող մկներ...»:

Հետո էլի առիթներ եղան, երբ հանրությանն ասաց, թե այնպիսի բաներ գիտի, որ եթե ասի, հասարակությունը շոկի մեջ կհայտնվի, բայց քանի որ սիրում է հպարտ քաղաքացուն ու չի ուզում, որ վերջինս շոկահարվի, ասելիքը ներս է գցում…: Հայտարարության հասցեատեր նախկինները, սեւերը, որոնք, բնականաբար, իրենց գույնի «համեմատ» շատ թաքուն ու ջրի երես դուրս չեկած գործեր ունեն, պետք է զգուշավորություն ցուցաբերեն, Փաշինյանին չջղայնացնեն, որ հանկարծ նա իր իմացածը չասի պողոսներին: Նմանատիպ մի հայտարարություն էլ ժողովրդի վարչապետն օգոստոսի 5-ին արեց. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ եւ ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Ինչո՞վ է կարեւոր Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին գրված գաղտնի այս փաստաթուղթը, որը հիմա դրված է իմ սեղանին՝ որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը եւ շարունակում է մնալ, որովհետեւ այն պրոբլեմները, ինչ որ այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել․․․ սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է։ Ես կարծում եմ, որ այս փաստաթղթի հեղինակները շատ մեծ համարձակություն են ցուցաբերել էսպիսի գնահատականներ տալու վերաբերյալ»: Փաշինյանը նշեց, որ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալն օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, եւ ինչ խնդիրներ պետք է լուծել, եւ որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք լուծեն այդ բազմազան խնդիրները։

Թե դա ինչ փաստաթուղթ էր, այդպես էլ գաղտնապահ վարչապետը ջրի երես չհանեց: Եղան մարդիկ, որոնք պահանջեցին հրապարակել այդ փաստաթուղթը, սակայն նրանց պահանջները չբավարարվեցին: Սեւերի ճամբարից այդ ժամանակ ահազանգեցին, թե իշխանությունը պատրաստվում է ձերբակալել Սերժ Սարգսյանին, եւ այս հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում դրա համար: Մի քանի օր անց Միքայել Մինասյանը պատասխանեց Փաշինյանին, ում խոսքը եթե համառոտագրենք, կստացվի. «Բա որ ե՛ս սկսեմ խոսել, պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն»: 
Նմանատիպ խոսակցություն ընթացավ նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի օրերին:

Բնականաբար, ԱԱԾ տնօրենն ամենատեղեկացված անձն է երկրում, ու նրա հայտարարությունը սառը ցնցուղ էր բոլորի համար, այդ ի՞նչ կա, ի՞նչ գիտի նա, որ կոչ է անում վարչապետին՝ «կա՛նգ առ»: Հասարակության ադեկվատ շերտը սկսեց մտահոգվել այդ կոչից, քայլարածներն ու Փաշինյանի «վկաները» հարձակվեցին Վանեցյանի վրա՝ դավաճանության մեջ մեղադրելով նրան: Վարչապետը Լոս Անջելեսում Վանեցյանի հրաժարականի տեքստին տվեց խիստ գնահատականներ. «Սպան այդպիսի բան անի՝ դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»: Վանեցյանի արձագանքը չուշացավ. «…Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատեւ ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել՝ առանց հետեւանքների մասին մտածելու»։ 

Միայն Վանեցյանն ու Միքայել Մինասյանը չեն, որ Փաշինյանին զգուշացնում են իրենց խոսելու հետեւանքների մասին: Օրերս գեներալ Վիտալի Բալասանյանը նույնպես նման հայտարարություն արեց. «Մենք էլ ունենք մեր աղբյուրները։ Գիտենք, թե վարչապետն ում հետ է հանդիպել, տեղյակ ենք վերելակային դիվանագիտությանը։ Չենք բարձրաձայնել մի պարզ պատճառով։ Սպասել ենք այնքան, մինչեւ ՀՀ վարչապետը ներկայացնի այն, ինչի մասին խոսել է ինքը թե՛ վերելակում, թե՛ ինչպիսի տեսլական է ներկայացրել»: 

Օրերս ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն ասուլիսի ժամանակ նույնպես մի անորոշ սպառնալիք հնչեցրեց՝ երբ իր դեմ սկսված իրավական գործընթացն ավարտվի, գնահատական կտա՝ ճնշում դատարանների վրա կա՞, թե՞ ոչ: «Ես էլ շատ բաներ փորձում եմ հասկանալ՝ ինչ ջրեր են հոսում, ինչի համար է այս ամեն ինչն արվում... Ես էլ կորած մարդ չեմ, ինձ շատ ինֆորմացիաներ են հասնում տարբեր տեղերից, վերլուծում եմ, փորձում եմ հասկանալ, թե էս քամին որտեղից է գալիս»: Վերջին հայտարարությունն էլ՝ ակնարկների մակարդակով, կադաստրի պետ Սարհատ Պետրոսյանի շուրթերից հնչեց, ով իր հրաժարականը բացատրեց «քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաներով» եւ նրանով, որ «այլեւս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»։ Եվ որքան էլ տեքստի մյուս հատվածում Նիկոլ Փաշինյանին ուղղված «սիրազեղ» խոստովանություններ կային, առաջին հատվածում նշվածն ուղիղ հանդիմանություն է կառավարել չկարողանալու եւ իմիտացիաներ անելու, դիլետանտիզմի եւ կոռումպացվածության «հասնելու» մասին։

Եթե մարդիկ մեկը մյուսին սպառնում են, որ «կխոսեն», կարելի է հետեւություն անել, որ հասարակության առջեւ անկեղծ չեն թե՛ սպառնացողները, թե՛ դրանց հասցեատերերը: Վերջիններս վտանգավոր քայլեր են անում հասարակության թիկունքում: Իսկ «չխոսացողներն» էլ «պարտակում» են նրանց վտանգավոր քայլերը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել