168.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացմանը՝ հայտարարել է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար։

«Մնացել է 35 ժամ: Եթե այդ ժամկետում ահաբեկիչները չհեռանան Սիրիայի անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի «Խաղաղության ակունք» գործողությունը»,- նախարարի խոսքը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:

Նա նշել է, որ Անկարան շարունակում է հարվածներ հասցնել քուրդ զինյալներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ խոստացել է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որը նշանակված է հոկտեմբերի 22-ին Սոչիում:

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը՝ նշեց, որ  այդ հայտարարությունն արվել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։

«Զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունն այսպես էր՝ քրդական զինված կազմավորումները պետք է  կոնկրետ նշված հատվածից, որոնք ցանկանում են դարձնել «անվտանգության գոտի»՝ հեռանան։ Մի քանի բնակավայրերից այս մի քանի օրվա մեջ հեռացել են, Թուրքիան նրանց դիտարկում է՝ որպես ահաբեկչական խմբավորումներ՝ կապելով Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ։ Այս ամենով էլ հիմնավորում է իր գործողությունները»,- ասաց թուրքագետը։

Նրա խոսքով՝ իր հասկանալով՝ ներքին բանակցություններ են ընթանում քրդերի, Ռուսաստանի, Ասադի միջև, և դրանից հետո պարզ կլինի, թե ինչ կլինի 35 ժամ հետո։

«Քանի որ քրդերը կրկին կանգնած են մարտահրավերների առաջ, եթե նրանց որևէ կողմից ասեն՝ դուրս չգաք, քանի որ նրանց կողքին կկանգնեն, նորից ինչ-որ բաներ կսկսվեն։ Դժվար է այս պահին որոշել, թե ինչ կլինի 35 ժամ հետո, քանի որ այդ գոտում իրադարձությունները բավականին արագ են զարգանում, անորոշ է, թե այդ հատվածում ինչ կլինի 35 ժամ հետո, սակայն ամեն ինչ միտված է նրան, որ քրդերը գուցե մի քանի բնակավայրերից էլ դուրս կգան, որպեսզի խուսափեն բախումից, եթե գերտերություններից մեկը նրանց  չցուցաբերի ներքին ինչ-որ աջակցություն»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ, թուրքագետը նկատեց, որ, ի հակադրություն Էրդողանի խոսքերի, այդ հանդիպումը կարող է իրավիճակը փոխել, քանի որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգներն են Սիրիայում գործոն, այլ ոչ թե Թուրքիան։

«Ամեն դեպքում, Թուրքիան ինչ անում է, այդ երկու ուժերի հավանության դեպքում է իր գործողությունները կազմակերպում։ Այդ հայտարարությունն էլ դրա ապացույցն է, որ Պուտինն ինչպես ասի, այնպես էլ կանի։ Ամեն դեպքում Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերություններում խուսափում է նախկինի պես հակադրվել»,- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել