Asparez.am-ը գրում է․

Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո հացադուլ է սկսվել։ Աշխատակազմի խնդրանքն ու հորդորն ապարդյուն են։

Հացադուլ հայտարարողներից մեկն առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Սահակ Այվազյանն է, որ երկար ժամանակ սայլակով է, Գյումրու տուն-ինտերնատում բնակվում է 2012 թվականի հոկտեմբերի 27-ից։ Նրա խոսքով՝ ինքը կտրականապես դեմ է տուն-ինտերնատի լուծարմանը, չի կարող պատկերացնել, թե ով է փոխարինելու իրեն խնամողներին։

«Ես չեմ ուզում 72 հոգու հետ դուրս գալ, ես ո՞ւմ վստահեմ, իմ մայրապետների նման կլինե՞ն, թե՞․․․ իրենք ինձ շատ լավ նայում են, մոր պես։ Հացադուլ եմ հայտարարել այնքան ժամանակ, մինչեւ մեր հարցը լուծվի, մինչեւ վերջ գնալու եմ»,-ասում է նա։

Սահակ Այվազյանին են միացել տուն-ինտերնատում բնակվող բազմաթիվ այլ անձինք ևս։

Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին պաշտոնական գրությունը ստացվել է մի քանի օր առաջ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի անունից, որում գրված է․

«Հաշվի առնելով կառավարության ծրագրում ներառված ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ծառայությունները հասարակական կազմակերպությունների մրցութային կարգով պատվիրակելու, այլընտրանքային համայնքային ծառայությունների ներդրման վերաբերյալ դրույթները, նախարարությունը մշակել եւ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրել «Գյումրու տուն-ինտերնատ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է լուծարել տուն-ինտերնատը եւ տարեցներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները պատվիրակել ոչ պետական կազմակերպության։

Ուստի ելնելով վերագրյալից եւ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, խնդրում եմ սահմանված կարգով (ՀՀ ԱՕ 115-րդ հոդվածի 1-ին մաս) մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 21-ը ծանուցել ՊՈԱԿ-ի բոլոր աշխատակցիներին աշխատանքից հնարավոր ազատման կամ աշխատանքային պայմանների փոփոխման վերաբերյալ»։

Արմեն Սարուխանյանը Գյումրու տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2019 թվականի հունիսին, ասում է՝ այս մի քանի ամսում փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում հիմնարկի ապագայի վերաբերյալ մի քանի նախադասություն է լսել։

«Յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի օրը փոխնախարարի մոտ քննարկում է տարբեր հարցերով, ամեն մի քննարկման ժամանակ հնչել է մեկ նախադասություն․ առաջին անգամ տվյալ թեմայից հնչել է՝ ձեր հետ կապված կա ծրագիր՝ ապաինստիտուցիոնալ գործընթաց, երկրորդ անգամ՝ երեւի թե դա մինչեւ հունվարի մեկը տեղի ունենա, եւ երրորդ ինֆորմացիան՝ գիտե՞ք, չէ, որ այդ դեպքում կրճտումներ կլինեն։ Երեք նախադասություն՝ երեք ամսվա ընթացքում, ամեն մի նախադասությունից հետո կոլեկտիվի հետ այդ նախադասությունը լուրջ եմ ընդունել, իհարկե, նախարարությունը պետք է որոշի քաղաքականությունը, ուղղվածությունը։ Այս փուլում, մեր երկրում՝ նկատի ունեմ հեղափոխությունից հետո, սենյակների մեջ, վերեւներում հենց այնպես որոշել, թե ինչպես է լինելու ուղղությունը, մի քիչ ճիշտ չէ։ Քննարկման փուլ, կլոր սեղան, հարց ու պատասխան, առաջարկներ եւ դժգոհություններ չեն լսել այս թեմայով մեզնից ու շահառուներից, ոչ մի նմանատիպ գործընթաց տեղի չի ունեցել, տարեցների հետ շփում չի եղել»,-ասում է Ա․Սարուխանյանը։

Տուն-ինտերնատը կշարունակի գործել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մինչ այդ նախարարությունը հայտարարելու է շուրջօրյա խնամքի ծառայությունների պատվիրակման մրցույթ։ Հաղթող կազմակեպությունն էլ զբաղվելու է շահառուների խնդիրներով։

Տեղեկություններ են շրջանառվում, որ Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղն է որոշել մասնակցել մրցույթին եւ մատուցել շուրջօրյա խնամքի ծառայություններ, այս տեղեկությունը հաստատում են նաեւ տարեցները։ Թե որքանով է ստույգ շրջանառվող այս տեղեկությունը, Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել։

Գյումրու տուն-ինտերնատի նույն գործառույթներ մատուցում են նաեւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատն ու Նորքի տուն-ինտերնատը։ Փորձնական ծրագիրը մեկնարկում է Գյումրիում, մինչեւ 2024 թվականը ապաինստիտուցիոնալացման գործընթացի արդյունքում նախատեսվում է նմանատիպ հիմնարկների գործառույթները մրցութային կարգով փոխանցել ոչ պետական կազմակերպություններին, իսկ թե ինչ է տալու այս ամենը, դեռեւս անհայտ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել