Factor.am-ը գրում է․

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ «փոքր-ինչ հիասթափված է Նյու Յորքում կայացած հանդիպումից», չնայած դրան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երկխոսությունը Հայաստանի հետ կշարունակվի:

«Վերջին անգամ մենք հանդիպել ենք մեկ ամիս առաջ, ԱՄՆ-ում: Ես արդեն ասել եմ, որ, ցավոք, մենք պետք է խոսենք ոչ թե բանակցությունների, այլ հենց հանդիպումների մասին: Չնայած վերջին նման հանդիպումն իմ հայ գործընկերոջ հետ տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, անկեղծ ասած՝ ես փոքր-ինչ հիասթափված եմ դրանից»,- ասել է Մամեդյարովը:

Նա, միաժամանակ, հայտարարել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում «բավական թեժ» իրադրությանը՝ այս բոլոր տարիներին երկխոսությունը շարունակվել է:

«Հանուն օբյեկտիվության պետք է ասել, որ այդ ամբողջ ժամանակահատվածում շփման գծում բավական թեժ է եղել: Եվ, չնայած դրան, մենք կարողանում էինք խնդիրներ լուծել, առաջ շարժվել և բավական լուրջ բանակցություններ էինք վարում այն մասին, թե ինչպես պետք է լուծել ընթացիկ հարցերը»,- ասել է նա:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունը՝ նշեց. «Մենք հանդիպումներին գնում ենք մեր հստակ առաջնահերթություններով, որոնք բոլորին հայտնի են: Մեզ համար բանակցություններում առաջնայինն Արցախի անվտանգությունն է և կարգավիճակը»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել