Armenpress.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու և 5 միլիոն դրամ գրավ կիրառելու հերթական միջնորդությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ իրենք տվյալ դատավարության ժամանակ միջնորդել են արտագնա նիստ անցկացնել հիվանդանոցում:

«Մենք այդ միջնորդությունը ներկայացրինք, քանի որ մեր պաշտպանյալը տեղաշարժման խնդիր ունի և չի կարող դատարանում ներկա գտնվել: Արտագնա նիստ անցկացնելը պրակտիկայում ընդունված է, սակայն դատարանը մերժեց նաև մեր այդ միջնորդությունը»,- ասաց Մկրտչյանը:

Փաստաբանն ընդգծեց, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդության համար հիմք էր հանդիսացել հոկտեմբերի 10-ին «Նաիրի» ԲԿ-ում հրավիրված բժշկական կոնսիլիումը, որով ըստ պաշտպանի հիմնավորվել է, որ Գրիգորյանի մոտ 4-5 նոր հիվանդություն է հայտնաբերվել։

Նա նաև շեշտեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան  (ՄԻԵԴ) և Երևանի ընդհանուր իրավասության դատարանին խնդրել են որոշ փաստաթղթեր տրամադրել, ինչն արդեն մի քանի օր է ինչ չի տրամադրվում:

«Մենք ՄԻԵԴ ենք դիմել խափանման միջոցը փոխելու հարցով և  որոշ փաստաթղթեր ներկայացնելու համար դեռ ուրբաթ օրը դիմել ենք դատարան, սակայն դեռևս արձագանք չկա»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը ներկայացված միջնորդությունները որակեց անհիմն:

«Ընդհանուր դրույթներով փաստաբանների միջնորդությունը նույնաբովանդակ է, հենց այդ պատճառով էլ այս միջնորդությունը ևս ենթակա է մերժման: Մանվել Գրիգորյանը գտնվում է լավագույն ԲԿ-ներից մեկում, ինչն, ըստ էության, հենց նրա ընտրությունն է եղել»,- նշեց դատախազ Վահե Դոլմազյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել