Pastinfo.am-ը գրում է․

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի Հայաստան այցից հետո հայ-վրացական հարաբերություններում տեսանելի փոփոխություներ չեն նկատվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը՝ ընդգծելով, որ առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ երկուստեք  բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը։

«Ջանքեր պետք է ներդրվեն, որ այդ հարաբերություններն ավելի զարգանան և ավելի ամուր հիմքեր ունենան։ Այս պահին պետք է հասկանալ, որ կարևորը վարչապետների մակարդակով երկկողմ անձնական լավ հարաբերությունների հաստատումն է»,-ասաց վրացագետը՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը և Գեորգի Գախարիան նախկինում հնարավորություն չեն ունեցել այլ ֆորմատներում հանդիպելու։ Վրացագետի կարծիքով՝ Հայաստան այս այցն ավելի շատ ճանաչողական է, որի նպատակն է ծանոթանալ, հստակեցնել օրակարգերը և հասկանալ ինչ է արդեն կատարվել, ինչ կարող են երկու կողմերն առաջարկել միմյանց։

Նշենք, որ 2018 թվականին Վրաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստվում էր արգելանք դնել իր երկրի տարածքով ավտոտրանսպորտային միջոցով Հայաստան ցորեն և եգիպտացորեն տեղափոխելու համար։ Մինչ այժմ, սակայն, որոշում չկա և հարցն առկախված է։ Հարցին արդյոք նախատեսվում է, որ հանդիպմանը վարչապետներն անդրադառնան նաև այս հարցին, Հասմիկ Մելիքսեթյանն ասաց. «Կարծում եմ՝ պետք է այս թեմայով քննարկումներ լինեն, որովհետև Հայաստանի համար օրակարգային և կարևոր հարց է։ Պետք է վերջնական հասկանան՝ ինչ տարբերակներ կարող են առաջարկել Հայաստանին և ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը։ Այս պահի դրությամբ դեռևս հստակ տեղեկություն չկա, սակայն հանդիպումներից հետո կտեղեկանանք, թե հատկապես ինչ են քննարկել և արդյոք դրանց թվում, իսկապես, եղել է ցորենի տեղափոխման հարցը»,-նշեց վրացագետը։

Անդրադառնալով Գեորգի Գախարիայի տարածաշրջանային այցը Բաքվից մեկնարկելուն, Հասմիկ Մելիքսեթյանը նկատեց, որ սա ամենևին զարմանալի քայլ չէ և նախորդ վարչապետները ևս տարածաշրջանային այցերը սկսել են Ադրբեջանից. «Այս պահի դրությամբ վրաց-ադրբեջանական հարաբերություններում փոքր-ինչ լարվածություն կա, որն ազդում է Վրաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության վրա»,-նշեց Հասմիկ Մելիքսեթյանը՝ մանրամասնելով, որ խոսքը վրաց-ադրբեջանական սահմանային վեճի՝ Դավիթ-Գարեջի վանական համալիրի շուրջ է։ Վրացագետի կարծիքով Գեորգի Գախարիայի Ադրբեջան այցն ուղղված էր հենց այս խնդրի արագ կարգավորմանը. «2020 թվականին Վրաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։ Այսինքն` ընտրություններից առաջ պետք է ստեղծեն այնպիսի պայմաններ, որոնք խնդրահարույց չլինեն։ Կարծում եմ այս այցն ուղղված էր հենց այս խնդրի կարգավորմանը, որովհետև երկու կողմն էլ դրանից հետո խոսեցին սահմանների հետ կապված, այնպես որ զարմանալի չէր, որ Գախարիան տարածաշրջանային իր այցը սկսեց Ադրբեջանից»,-ասաց Հասմիկ Մելիքսեթյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել