168.am-ը գրում է․

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, աճել են 253 մլն դրամով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«6 ամսվա տվյալներն են դեռ ամփոփված: 2018-ի հունվար-հունիսին  օտարերկրյա ներդրումային զուտ հոսքերը -51 մլն դոլար էին, ինչը նշանակում էր, որ արտահոսքը գերազանցել էր ներհոսքին: Այս տարի՝ +202 են, այսինքն` հանրագումարով  մոտ 253 մլն դրամով օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն ավելին են, քան 2018-ի նույն ժամանակահատվածում»,- նշեց Տ. Խաչատրյանը:

168.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ ցուցանիշները բավարարում են Կառավարությանը, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց.

«Այդ ցուցանիշները մեզ չեն բավարարում: Չի կարող Հայաստանի տնտեսության մեջ լինել ՀՆԱ-ի նկատմամբ հիմնական միջոցներում 17 տոկոս ներդրում՝ ինչպես 2018-ի և 2017-ի ցուցանիշներն են, և դա համարվել բավարար: Եվ մեր բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել բիզնեսով զբաղվելու գրավչությունը և որպես հետևանք՝ ունենալ ավելի բարձր ներդրումներ, քան ունեցել ենք անցյալ 2 տարիների ընթացքում՝ մասնավորապես»:

Նախարարը նշեց նաև, որ բարձր տնտեսական աճի հիմքն ավելի բարձր տնտեսական պոտենցիալն է, որը ձևավորվում է ներդրումների իրականացման արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել