168.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արագածոտնի մարզում ««Իմ քայլը»՝ հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ հայտարարեց, որ այս տարի ամենայն հավանականությամբ կլինի պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է և, ըստ վարչապետի, բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անդրադառնալով  վարչապետի նշած 7 տոկոս տնտեսական աճին՝ նշեց, որ՝ հաշվի առնելով այս  տարվա առաջին 9 ամիսների տնտեսական ակտիվության  ցուցանիշը, հավանաբար տնտեսական աճը կտատանվի  5 կամ 5,5 տոկոսի շրջանակներում։

«Մեծ հաշվով, էական ազդեցություն չունի էլ՝ 7 տոկո՞ս է լինելու տնտեսական աճը, թե՞ 5,5 տոկոս, քանի որ մեր տնտեսության նման տնտեսություն ունեցողների համար, որը համաշխարհային միտումներից բավականին հետ է, շատ կարևոր է, որպեսզի տնտեսական աճի ցուցանիշը էապես գերազանցի համաշխարհային միջինը, որը թե՛ 7-ի, թե՛ 5,5 տոկոս աճի պարագայում էական ազդեցություն չի ունենում»,- ասաց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ տնտեսական աճն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց վրա, ապա, տնտեսագետի խոսքով՝ ցավոք, ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի տնտեսական աճի ազդեցությունը բնակչությունն էապես իր վրա չի զգում, այն փաստացի կենսամակարդակի բարձրացմանը դեռևս չի հանգեցնում։ Ուստի, Կառլեն Խաչատրյանի կարծիքով՝ Կառավարությունն իր ուշադրությունն առաջին հերթին պետք է այս հանգամանքի վրա դարձնի։

«Այստեղ կարևոր է ոչ թե տնտեսական աճի տեմպը, այլ տնտեսական աճի կառուցվածքը, եթե տնտեսական աճը, օրինակ, հանքահումքային ոլորտի կամ ներկրվող մեքենաների ծավալի ավելացման գործոնով է պայմանավորված, բնական է, որ այս ոլորտներում քիչ թվով մարդիկ են ներգրավված, և իրենք են զգալու տնտեսական աշխուժացման ազդեցությունը։ Եթե մեր տնտեսության աճի մեջ  գերակշռող մասը լինի ծառայությունների ոլորտի, շինարարության, արտադրության, այսինքն՝ տնտեսության մյուս ճյուղերը, որտեղ ավելի շատ թվով մարդիկ են ներգրավված, ապա բնակչությունը իր վրա կզգա տնտեսական աճի ազդեցությունը։ Ամփոփելով՝ ասեմ. կարևորը ոչ թե տնտեսական աճն է, այլ աճի որակն ու կառուցվածքը»,- հավելեց նա։

Նա նաև հիշեցրեց, որ 2050 թվականին Կառավարությունը նախանշել է համախառն ներքին արդյունքը 15 անգամ ավելացնել։ Հետևաբար, եթե այս տեմպերով առաջ շարժվեն, ապա բնական է, որ նման ցուցանիշն անիրականանալի կլինի։

Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզպետի այն հայտարարությանը, որ այսօր տնտեսական հեղափոխության մեկնարկն արդեն զգացվում է, Կառլեն Խաչատրյանը նկատեց՝ վերջին 1,5 տարվա ընթացքում տնտեսությունում տեղի ունեցող հիմնական դրական երևույթը, առավելապես՝ առևտրի ոլորտում, ստվերի ծավալների կրճատումն է։

«Բայց, ցավոք, այն կոշտ վարչարարությունը, որն այսօր պետությունը կիրառում է, առավելապես վերաբերում է առևտրի ոլորտին, մյուս ոլորտներում էական ստվերի կրճատում ըստ էության չունենք։ Եթե խոսենք իշխանափոխությունից հետո տնտեսությունում տեղի ունեցող դրական զարգացումներից, հիմնական դրական երևույթը սա է։ Կարծում եմ՝ տնտեսական հեղափոխությամբ քաղաքացին իր կենսամակարդակի վրա փոփոխություն չի տեսնում»,- եզրափակեց տնտեսագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել