Analitik.am-ը գրում է.

Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Վայոց ձորի մարզում փոխգնդապետին ծեծի թեմայով:

Հիշեցնենք, որ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին հարվածելու համար ձերբակալվել է մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ սա արդեն նոր Հայաստանում սպային ծեծելու երկրորդ դեպքն է, մյուս դեպքի մասով բոլորը լռում են, որևէ բան չի լուսաբանվել. «Վարչապետը մարզպետի պաշտոնում նշանակել է մի մարդու, ով փողոցային բարքերով է հարցեր լուծում: Պարոն Տրդատ Սարգսյան, քո հայրն էլ պահեստազորի սպա է: Նա 2004 թվականին մի պատմության մեջ հայտնվեց, գտնում էր, որ սպայի կարգավիճակը չեն հարգում: Դու, լինելով այդ ընտանիքի անդամ, այդ ծանրությունը մի՞թե չես զգացել քո վրա: Սպան ի՞նչ էր արել, որ նրա նկատմամբ նման վերաբերմունք եղավ: Հենց զինվորականներն են պահում երկիրը, այլ երկրներում նման վերաբերմունք չկա զինվորականների նկատմամբ: 29 տարեկանը ձեռք է բարձրացնում 40-անց սպայի վրա: Հեղափոխության արդյունքում արժեհամակարգ է փոխվում, բայց այս դեղնակտցուների օրոք որևէ բան չփոխվեց»,-ասաց պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը:

Քաղաքացին ասաց, որ նախորդ դեպքը կապված է Կոտայքի մարզպետի եղբոր հետ. «Այդ առնչությամբ քրեական գործով տասնյակ դիմումներ պատասխան չեն ստանում, կոծկվում է: Այնտեղ էլ ծեծ կա, բռնություն կա` Կոտայքի մարզպետի եղբոր կողմից սպայի նկատմամբ: Միջնորդություններ են արվում, սակայն անպատասխան: Զանգեք Կոտայքի մարզպետին, թող պատմի ամեն ինչ: Ո՞ւր ենք գնում այսպես: Սա ալիքի նման տարածվում է ծառայություն անցկացնող սպաների վրա»:

Քաղաքացին համոզմունք հայտնեց, որ այս դեպքում էլ պատմությունը կոծկվելու է` հորդորելով Տոնոյանին կանչել իրեն ու ինքն ամեն ինչ կպատմի. «Կոտայքի մարզպետի եղբոր միջադեպը տեղի է ունեցել մայիսի 16-ին: Մարզպետի եղբայրը վերանորոգում է ավտոմեքենան, որը կարող էր լինել իրեղեն ապացույց, որպեսզի խոչընդոտի քննությանը: Սա՞ է իշխանությունը: Սրա՞ համար կանգնեցինք այս իշխանությունների կողքին, եթե սխալվել ենք, մեր սխալը կշտկենք»:

Քաղաքացիները չեն բացառում, որ սպան հնարավոր է ինչ-որ բան է ասել, կամ արել, սակայն պնդում են, որ նման պատասխան չպետք է լիներ. «Եթե նա ինչ-որ բան է ասել, ես հենց հիմա ասում եմ դրա հարյուրապատիկը: Կարող եք գալ ու պատասխան ուզել»:

Ակցիայի մասնակիցները մի քանի անգամ հատուկ շեշտեցին, որ քաղաքական որևէ բան չկա իրենց ակցիայում, խոսքը միայն սպայի մասին է: Ակցիայի մասնակիցները որոշեցին գնալ հոսպիտալ` կոմայի մեջ գտվող սպայի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել