Hraparak.am-ը գրում է․

ԵՊՀ նորանշանակ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, որը նախկինում զբաղեցնում էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը, պարզվում է, ևս մեկ պաշտոն է զբաղեցնում, նա պետական բուհերի ռեկտորների խորհրդի քարտուղարն է։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո Իսրայելյանի համար «կանաչ լույս է վառվել», քանի որ նա նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերն է ու համակուրսեցին։ Նախարարն ու Իսրայելյանը փաստորեն այնքան մտերիմ են, որ նա նույնիսկ աչք է փակել Իսրայելյանի հանրապետական անցյալի վրա։ Իսրայելյանը ՀՀԿ-ական Հովիկ Հովսեփյանի նախընտրական քարոզարշավով է զբաղվել։

Իսրայելյանին հարցրինք, թե իր նշանակումը արդյոք կապված է Արայիկ Հարությունյանի հետ իր հարաբերություններով, պատասխանեց որ որևէ կերպ կապված չէ, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ հենց ինքը նշանակվեց, Իսրայելյանը նախընտրեց չպատասխանել։
Բացի այս մեզ հայտնի է դարձել, որ Իսրայելյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է օրենքի խախտմամաբ։ Ըստ ԵՊՀ կանոնադրության 30-րդ կետի՝ հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից: Մինչդեռ  առաջադրման ժամանակ Իսրայելյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել։ Մեր այս դիտարկմանը Իսրայելյանը հարցով պատասխանեց, թե ինչո՞ւ ենք հիմա հետաքրքրվում, ապա ասաց, որ սրա վերաբերյալ ևս մեկնաբանություն չունի։ 
Հատկանշական է նաև, որ լուսանկարում Իսրայելյանն ու Հարությունյանը զինվորական համազգեստով են, մինչդեռ 2-ն էլ չեն ծառայել զինված ուժերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել