Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի փոխարտգործնախարար և ԵՄ-ի հարցերով դեսպան Ֆարուք Քայմաքչըն Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու մեջ։

Նա նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքով դեպի հունական կղզիներ փախստականների անօրինական հոսքն աճել է։ Ըստ թուրքական կողմի՝ ամենից հաճախ Հունաստանից ապաստան են խնդրում Աֆղանստանի քաղաքացիներն ու  Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) անդամները։

«Հունաստանը չի ենթարկվում մարտի 18-ի պայմանագրին։ Միջազգային իրավունքում շատ հստակ դրույթներ կան ահաբեկիչների կողմից ապաստանի խնդրանք ներկայացնելու վերաբերյալ։ Ահաբեկիչ գյուլենականներին, ուղղաթիռով հարձակումներ իրականացրած այդ ահաբեկիչներին չեք կարող ապաստան խնդրելու իրավունք տալ։ Այդպես բոլորը կփորձեն անօրինական ճանապարհով ապաստան խնդրել։ Նախագահ Էրդողանի դեմ մահափորձ իրականացրած անձինք փախել են Հունաստան։ Եթե նրանց ապաստանի իրավունք տաք, դա շատ սխալ ուղերձ կհարղորդի», - ասել է փոխնախարարը։

Քայմաքչըն նաև հիշեցրել է, որ 2016թ․ մարտի 18-ին Թուրքիայի և Եվրամիության միջև գաղթականների հարցի վերաբերյալ կնքված պայմանագրի շնորհիվ անօրինական գաղթը նվազեցվել է շուրջ 97 տոկոսով։ Եթե նախկինում օրական 7․000 փախստական էր անցնում Էգեյան ծովով, ապա այսօր այդ թիվը հասել է 70-ի։

Փոխնախարարի խոսքով՝ Թուրքիայում 2018թ․ 256․000 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել։ 2019թ․ կանխվել է շուրջ 300․000 ապօրինի ներգաղթյալի անցումը դեպի Եվրոպա։ Բացի այդ, ևս 30․000 փախստական բռնվել է հենց Էգեյան ծովում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել