Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մտահոգությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված որոշմանը, ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն և ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը:

«Հետևելով ՀՀ Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին, չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետևյալ մտահոգությունները.

Առաջին` սեպտեմբերի 4-ին ՍԴ կայացրած որոշման մասով

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել եւ/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողն ունեցած առերեւույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:

Ի հավելումն՝ ՍԴՈ-1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործով համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում եւ ըստ էության արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լիներ, եթե չլիներ այդպիսի շտապողականություն: Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունը եւ հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Ընդ որում՝ այս ճանապարհով (զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից) կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին եւ դրանով իսկ պատմական եւ քաղաքական կարեւորություն ունի Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է ՍԴՈ-1476 որոշման բովանդակությանը, ապա կարելի է վստահաբար նշել, որ առանց որեւէ առերեւույթ հիմնավորման Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումներից: 

Երկրորդ` Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված ՍԴ դիմումների մասով

Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 եւ ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը:

Սահմանադրական դատարանը մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված ՀՀ Ազգային ժողովին առ այսօր չի տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի կողմից ՍԴ աշխատակազմին ուղղված գրության՝ ստացվել է ֆորմալ գրություն, որ սույն գործերով պատասխանող կողմը ԱԺ աշխատակազմը չէ եւ դիմումի հայերեն տարբերակը վերջինիս տրամադրվել չի կարող: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել