168.am-ը գրում է․

Ոչ մասնագետը երբևիցե չի կարող որոշել մարտական գործողությունների սխալ կամ ճիշտ ընթացքը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը` անդրադառնալով ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանը:

– 2016թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գոյությունը որքանո՞վ է անհրաժեշտ՝ զուտ ռազմական սխալները ջրի երես հանելու տեսանկյունից: Արդյոք ոչ մասնագետները կարո՞ղ են և պե՞տք է նման պատասխանատվություն ստանձնեն:

– Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, կարծում եմ, այն նվազագույնն է, որը պետք է ստեղծվեր այդ դեպքերի ուսումնասիրման համար: Կարծում եմ՝ փորձագիտական և հետազոտական ուսումնասիրություններ անցկացնող մի քանի խմբեր պետք է ստեղծվեն, որոնցից յուրաքանչյուրի գործունեությունն ուղղված կլինի յուրաքանչյուր ոլորտում հնարավոր բացթողումների ուսումնասիրմանը: Ինչ վերաբերում է զուտ ռազմական սխալներին, ապա, անկախ նրանից, թե երբևիցե տեղի ունեցած ինչ մարտական գործողություններ ենք ուսումնասիրելու, ապա ոչ մասնագետը երբևիցե չի կարող որոշել մարտական գործողությունների սխալ կամ ճիշտ ընթացքը:

Քանի որ առաջին հերթին՝ նրանք պետք է հստակ հասկանան, թե ինչպիսի խնդիրներ են դրված եղել մարտական գործողություններ վարած ստորաբաժանումների, զորամասերի առջև, այնուհետև գնահատական տան, թե արդյո՞ք տվյալ ստորաբաժանումները, զորամասերը կարողացել են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը, թե՞ ոչ: Դրանից հետո միայն կարելի է ուսումնասիրել մարտական գործողությունների ընթացքը, նաև փորձել պարզել այն թերությունները և բացթողումները, որոնք եղել են մարտական գործությունների ընթացքում: Այնուհետև պետք է ի հայտ բերեն այն պատճառները, որոնց արդյունքում եղել են սխալները և բացթողումները:

Այս ամենը հստակ հասկանալու համար անհրաժեշտ է առնվազն տիրապետել զորքերի կառավարման հիմունքներին, մարտի կազմակերպման և վարման հիմունքներին, տիրապետել մարտական գործողությունների վարման շրջանի օպերատիվ և մարտավարական իրավիճակին, գիտելիքներ ունենալ ռազմական տեխնիկայի և սպառազինության մարտական կիրառման վերաբերյալ, զինված ուժերում ընդունված զինամթերքի, վառելանյութի այլ միջոցների օգտագործման նորմերի վերաբերյալ և այլ նմանատիպ բազմաթիվ նրբություններ: Ընդ որում, ուղղակի նշեմ, որ վերը թվարկվածներից յուրաքանչյուրն առանձին ոլորտ է, և յուրաքանչյուրի դեպքում մասնագետների առանձին խումբ պետք է աշխատի:

– Ձեր մասնագիտական գնահատմամբ` իրականում ի՞նչ սխալներ են եղել:

– Եթե թույլ կտաք՝ ես այս հարցին չեմ պատասխանի, առաջին հերթին՝ ելնելով այն բանից, որ իմ ունեցած տեղեկությունները բավարար չեն որևէ վերլուծություն իրականացնելու համար:

– Պաշտպանության նախարարը ժամանակ առ ժամանակ խոստանում է սպառազինական անակնկալներ, ըստ Ձեզ` սպառազինությունների գնման հարցում մարտական, մարտավարական ի՞նչ խնդիրներ պիտի հաշվի առնվեն, զենքի ի՞նչ տեսակների վրա պիտի շեշտը դնել, որոնք գուցե անտեսվում են: Մի առիթով դուք դեմ արտահայտվեցիք ռուսական Սու-300 կործանիչների ձեռքբերմանը:

– Կարծում եմ, որ մենք առաջին հերթին՝ պետք է լուծենք օպերատիվ-մարտավարական օղակին անհրաժեշտ նորագույն սպառազինության հարցը, հետո միայն մտածենք ձեռք բերել 1980-ականներին նախագծված և 2000-ականներին մոդիֆիկացված ինքնաթիռներ:

– Աշխարհաքաղաքական ժամ առ ժամ փոփոխվող զարգացումները ստիպում են արտաքին և անվտանգային քաղաքական ինչ-ինչ փոփոխությունների գնալ, ժամանակակից ռազմարվեստն ի՞ նչ է հուշում:

– Ռազմարվեստը ոչինչ չի հուշում, քանի որ երբեք ռազմարվեստը չի ազդել և չի կարող ազդել արտաքին և անվտանգային քաղաքականությունների վրա, այլ ուղիղ հակառակը՝ ռազմարվեստը միշտ եղել է կախված տվյալ պահին պետության վարած անվտանգային քաղաքականությունից:

– Ինչպե՞ ս եք գնահատում Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ, ի՞ նչ սրբագրումներ, լրացումներ պիտի արվեն: Ի դեպ, ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր դիտորդ դառնալն ինչ-որ վտանգներ պարունակո՞ ւմ է իր մեջ:

– Հայաստանն այս առումով բավականին բարենպաստ վիճակում է գտնվում, քանի որ կարողանում է ակտիվորեն աշխատել երկու կողմերի հետ: Սակայն պետք է հասկանանք, որ դրանցից յուրաքանչյուրը սահմանափակում է մյուսի հետ առավել լայն ծավալներով համագործակցության հնարավորությունը: Այնպես որ, այս իրավիճակում սրբագրումները և լրացումներն էական մեծ փոփոխությունների չեն բերի: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր դիտորդ դառնալուն, ապա բացառապես, որպես ռազմական փոձագետ, որը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, գտնում եմ, որ այս դեպքում Հայաստանն անմիջապես պիտի դադարեցնի իր գործունեությունը ՀԱՊԿ-ում` կանխելու ռազմական տեղեկատվության արտահոսքը դեպի Ադրբեջան:

– Կառավարությունը պարբերաբար բարելավման ինչ-որ քայլեր է անում` աշխատավարձ են բարձրացնում, հիպոթեքային արտոնություններ տալիս, որքանո՞ վ են սրանք իրապես թեթևացնում զինծառայողների սոցիալական կամ բնակարանային խնդիրները:

– Այո, կառավարությունն անընդհատ գնում է ինչ-որ քայլերի, որոնք ուղղված են զինծառայողների որոշ հարցերի լուծմանը: Սոցիալական կարևորագույն նախագիծը պահեստազորում գտնվող բնակարանի կարիք ունեցող սպաներին տուն գնելու համար դրամական սերտիֆիկատների տրամադրումն է, որը, սակայն, իրական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

Առանձնապես խոսքը վերաբերում է Երևան քաղաքի գրանցում ունեցողներին, որոնց որոշվել է տրամադրել արժեքի 50%-ն ընդամենը։ Մարդիկ այդ գումարով չեն կարողանալու բնակարան գնել և, քանի որ ունեն մեկ տարի ժամանակ այդ սերտիֆիկատը մարելու համար, ապա ստիպված են լինելու փնտրել զարտուղի ուղիներ գոնե այդ գումարը կանխիկացնելու համար։ Երկրորդ` աշխատավարձի բարձրացումն էական է միայն սահմանափակ պաշտոնների համար, այլ ոչ համատարած է, և այդ բարձրացումը կատարվում է այլ լրացուցիչ հաշվարկների արդյունքում, ինչը նշանակում է, որ գումարի չափն ավելացել է, բայց դրույքաչափի ոչ մի փոփոխություն չի եղել։ Իսկ երբ խոսում ենք աշխատավարձի բարձրացման մասին, ապա պիտի դրույքաչափի բարձրացում լինի, այլ ոչ թե՝ պարգևավճարների, որոնք ցանկացած պահի կարող են չվճարվել։

Կարևորագույն հարցերից է նաև զորացրված սպաներին աշխատանք գտնելու հարցում օգնելը: Ըստ օրենքի` պետությունը պարտավոր է նրանց համար կազմակերպել վերապատրաստումներ այլ մասնագիտություններ ստանալու համար, ինչպես նաև օգնել ադապտացվել քաղաքացիական կյանքին, սակայն դա չի կատարվում ինչ-ինչ պատճառներով։ Իսկ աշխատանքային գործակալությունները կամ հիմնարկությունները սպաների համար այլ աշխատանք չեն նախատեսում, բացի պահակից կամ վարորդից։

Այսինքն` կա օրենքի կետ, որը չի կատարվում, և որևէ մեկը չի պատժվում դրա համար։ Իմ անձնական կարծիքով` կառավարության ուշադրությունից դուրս է մնում կարևորագույն մի հարց ևս, երևի ամենագլխավորը` Հայաստանում հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը գնալով ավելի ու ավելի է կորցնում իր գրավչությունը: Ահա այն գլխավոր հարցը, որը պետք է իր առջև դնի կառավարությունը և փորձի սրա լուծումը գտնել՝ անցկացնելով քննարկումներ հարցի իրական շահառուների հետ, որոնք իրենց կյանքի մեծագույն մասն անցկացնում են խրամատներում, ընտանիքից հեռու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել