168.am-ը գրում է.

Նեպալի իշխանությունները պլանավորում են կխստացնել Էվերեստ լեռը նվաճողների համար սահմանված կանոնները վերջին սեզոնում լեռնագնացների շրջանում մահացության բարձր մակարդակի պատճառով: Այս մասին հայտնել է Himalayan Times թերթը:

Էվերեստ լեռը գտնվում է Հիմալայներում եւ Երկրի ամենաբարձր գագաթն է: Ծովի մակարդակից դրա բարձրությունը հասնում է 8848 մետրի: Պաշտոնական տվյալների համաձայն, ընդամենն այս տարի ալպինիստական տարեշրջանի սկսվելուց ի վեր 8000 մետրից ավելի բարձունքը նվաճելու ժամանակ Հիմալայներում զոհվել է 21 մարդ:

Պաշտոնյաներից, փորձագետներից եւ լեռնային զբոսաշրջության ոլորտի գործակալությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովն օգոստոսի 15-ին զեկույց է ներկայացրել Նեպալի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարարին, որում կառավարությանը հանձնարարում է՝ խստացնել լեռնային տուրիզմի անվտանգության կանոնները:

Ինչպես նշվում է, հիմնական հանձնարարություններից մեկը «մեկ լեռնագնաց-մեկ բարձունք-մեկ սեզոն» քաղաքականության սահմանումն է:

Հանձնաժողովի զեկույցի համաձայն, Էվերեստը եւ 8000 մետրից բարձր մյուս լեռնագագաթները նվաճողները պետք է մեծ բարձունքներ վերելքի պատրաստություն անցնեն:

Նոր կանոնների համաձայն, ենթադրվում է, որ Էվերեստ բարձրանալու թույլտվություն է տրվելու միայն նրանց, ովքեր Նեպալում 6500 մետրից ոչ ցածր բարձունք են նվաճել:

Բացի այդ, եթե կանոններն հավանության արժանանան, լեռնագնացները պետք է իշխանություններին տեղեկանք ներկայացնեն առողջական վիճակի եւ ֆիզիկական պատրաստության վերաբերյալ, իսկ նրանց էքսկուրսավարներ կկարողանան լինել միայն Նեպալի քաղաքացիները:

Բացի այդ, ընկերությունները, որոնք կազմակերպում են արշավախմբերը, պետք է ունենան բարձր որակավորման փրկարարական թիմ եւ լեռնային տուրիզմի գիտելիքներ ունեցող բժիշկ:

Նեպալի զբոսաշրջության նախարար Յոգեշ Բհաթարային հայտարարել է, որ նախարարությունը կընդունի հանձնաժողովի հանձնարարականները: Նրա խոսքով՝ զեկույցի հիման վրա կփոխվեն համապատասխան օրենսդրական ակտերը եւ լեռնային տուրիզմի ոլորտի կանոնները:

Նեպալն աշխարհի ութ ամենաբարձր լեռնագագաթների հայրենիքն է, լեռնագնացությունը երկրի զբաղվածության եւ եկամուտների հիմնական աղբյուրն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել