Azatutyun.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ Ալվինա Գյուլումյանը բարոյական չի համարում հրաժարականի դիմաց Կառավարության առաջարկած պայմանը՝ հեռանալ Սահմանադրական դատարանից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գյուլումյանը:

«Նման ձևով հրաժարական ես երբևէ չեմ փորձում տալ։ Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, ես ամբողջ կյանքում աշխատել և նոր ստացել եմ։ Ես չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ չանելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկ պետք է վճարի, որ ինձ դրա համար վճարեն», - նշեց ՍԴ անդամը։

Արդարադատության նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Իրավաբանների շրջանում հատկապես բուռն քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի եզրափակիչ և անցումային դրույթը, ըստ որի՝ եթե 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական տա, անկախ նրա տարիքից կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը:

Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը որպես ճգնաժամային գնահատած Վահե Գրիգորյանն էլ, որպես իրավիճակի լուծում իր հայտնի նամակումառաջարկել էր այս տարբերակը: Գյուլումյանը պնդում է՝ ճգնաժամ չկա, բնականոն հունով աշխատում են, ենթադրեց՝ իր գործընկերներն էլ այս պայմանով չեն հեռանա․ - «Համենայն դեպս, ենթադրում եմ, որ իմ գործընկերները պակաս բարոյական չեն քան ես»։

Իշխանության ընդդիմախոսները այս դրույթը որակում են նախկին իշխանությունների օրոք ձևավորված ՍԴ կազմին առաջարկված առևտուր, կաշառք: Արդարադատության նախարարությունը երեկ արձագանքել է այս որակումներին՝ հղում անելով Հունգարիայի, Լեհաստանի, Դանիայի, Բելգիայի և այլ երկրների փորձին։

«Նույն Լեհաստանի պարագայում Եվրոպական միության դատարանը գտավ, որ Լեհաստանի իշխանությունները սխալ են վարվել», - ընդգծեց ՍԴ անդամ Գյուլումյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել