«Թեպետ հայազգի կոնգրեսական Տեքի Կանչելյան-Սփիրը առաջարկելէ կրկնապատկելու այդ աջակցությունը դարձնել 80 մլն ԱՄՆ դոլար, այդուհանդերձ, ես մի փոքր թերահավատ եմ, որ ԱՄՆ-ն այդ չափ գումար կտրամադրի։ Այստեղ պատճառն այն է, որ Դոնալդ Թրամփի վարչակարգն աչքի է ընկնում ժուժկալությամբ։ Ընդհանրապես, Թրամփն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, ըստ որի՝ ով ԱՄՆ-ի հետ է, մեծ օգնություն է ստանում, ով ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի կիսում՝ չի ստանում։ Եվ այս առումով մենք մեծ հույսեր չենք կարող ունենալ։ Թեպետ ԱՄՆ-ում ունենք շատ ազդեցիկ ու մեծ սփյուռք, բայց նաև գիտենք, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, և ՀՀ տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան։ Նաև գիտենք, թե այս պահի դրությամբ ռուս-ամերիկյան հարաբերություններն ինչ մակարդակի վրա են։ Այո, ԱՄՆ-ը շատ մեղմ է վերաբերվում ՀՀ քաղաքական դրսևորումներին, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարող միանշանակ ասել, որ ԱՄՆ-ը կարող է բավականին մեծ օգնություն տրամադրել Հայաստանին»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը։
Ինչ վերաբերում է Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցմանը, քաղաքագետն այդ հանգամանքը զարմանալի, միևնույն ժամանակ նաև մտահոգիչ համարեց։ «Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարեց, որ 2 ամիս առաջ ընդունված օրինագիծը, ըստ որի՝ ԱՄՆ-ը շարունակելու էր ուղղակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Արցախին, չեղարկվում է։ Այդ աջակցությունը ամեն տարի կազմել է գրեթե 5 մլն ԱՍՆ դոլար, ծրագիրն իրականացվել է USAID-ի միջոցով։ Այստեղ հարցը ոչ այդքան գումարի չափն է, այլ երևույթն ու մեսիջը։ Մենք հիմա առերեսվում ենք Արցախին տրամադրվող աջակցության չեղարկման երևույթի հետ, ինչը մտորելու շատ մեծ տեղիք է տալիս նախ այն առումով, որ սա կարող է Թրամփի վարչակարգի մեսիջը լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Դրանով ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու Սպիտակ տունը ևս մեկ անգամ իրենց դժգոհությունն են հայտնում Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը։ Կամ էլ պարզապես այս երևույթը կարելի է դիտարկել արտաքին քաղաքական ոլորտում մեր իշխանությունների հերթական բացթողման համատեքստում։ Փաշինյանն ավելի քան մեկ տարի է, ինչ ղեկավարում է Հայաստանը, և նրա համար կարևորը ներքաղաքական դաշտն է։ Նա շատ քիչ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականությանը»,–ասաց քաղաքագետը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել