168.am-ը գրում է.

Ազգային ժողովում այս օրերին հախուռն  տրամադրություններ են, լարված մթնոլորտ, ԱԺ աշխատակազմը հապճեպ փոփոխությունների պիտի ենթարկվի: Հեղափոխական իշխանությունը որոշել է երկրի օրենսդիր մարմնի կիսատ-պռատ կողմերը լրացնել՝ այնտեղ բարձր ինտելեկտի նոր հոսք ապահովելով:

Սա իշխող ուժի ցանկությունն է՝ վերաիմաստավորել  ԱԺ աշխատակազմը ու նոր բովանդակություն հաղորդել աշխատանքներին:

Համենայնդեպս, վերակառուցման փոփոխություններն  այսպես են մատուցվում ներսի ու դրսի ականջների համար, մի կողմից՝ նախաձեռնողականություն ցույց տալու, մյուս կողմից՝  ներքին ընդվզումները զսպելու նպատակով:

Իսկ առաջարկվող փոփոխությունը, որը «գիտակրթական կենտրոն» ճոռոմաբանության ենթատեքստում է մատուցվում, իրականում խիստ վտանգավոր մի քանի տարր է  պարունակում իր մեջ: Խոսքը, մասնավորապես, երկու հիմնական բաղադրիչների մասին է՝ ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ պիտի չունենա, կամ  ներկայիս 230 պետծառայողի փոխարեն՝ հարյուր հաստիքով պետք է բավարարվի՝ ԱԺ արարողակարգային վարչությունով,  քարտուղարությամբ և Արտաքին կապերի վարչությունով:

Փոխարենը՝ առաջարկվող փաթեթի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի մնացած առնվազն 300  կադրերը կամ կկրճատվեն, կամ կդառնան սոսկ քաղիրավական պայմանագրով աշխատողներ:

Կնշանակի՝ այս պետական բարձրագույն հաստատությունում կադրերն այլևս պետծառայողի մասին օրենքով պաշտպանված չեն լինի, կունենան խոցելի կարգավիճակ, կզրկվեն սոցիալական երաշխիքներից, բարձր աշխատավարձի հնարավորությունից ու առաջխաղացման դասային աստիճանի հնարավորություններից:

ԱԺ-ում գործատու-աշխատող իրավահարաբերություններն այլևս կդառնան  ավելի պրոզաիկ ու խոցելի, որպեսզի էականորեն կրճատվի նաև  պետության բեռը ՝ ծախսերի տեսանկյունից:

Հաջորդ ու առավել ուշագրավ դրվագն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ քաղիրավական պայմանագրերին անցում անելու իմաստն այն է, որ ԱԺ աշխատակազմ ներմուծվեն նաև այլազգի միջազգային փորձագետներ: Նրանց վերապահված է  լինելու օրենսդրական դաշտում ակտիվ փոփոխությունների փաթեթների մշակումը: Աղբյուրի պնդմամբ՝ ԵՄ-ի հետ ՀՀ օրենսդիր մարմինն այս դաշտում որոշակի պայմանավորվածություն ունի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ, փորձագետները ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում և ԵՄ-ի համար շահագրգիռ ոլորտներում կիրականացնեն մի շարք առանցքային փոփոխություններ: Ստացվում է՝ գիտակրթական կենտոնի վերածվող ԱԺ աշխատակազմն իրականում կիսով չափ եվրոպական աշխատակազմ է լինելու, կիսով չափ՝ հայկական: Վտանգը նրանում է, որ այս ամենի արդյունքում մի օր ԱԺ պատգամավորական կորպուսն իսկապես վերածվի լուռ, անհաղորդ  կոճակ սեղմողների ակումբի:

Փաստորեն, սա է իշխանության հապճեպ ձգտումի ողջ իմաստը՝ իշխող ուժի պատգամավորների օրենսդիր գործառույթը դարձնել խիստ ֆորմալ՝ դակիչ ֆունկցիա:

Ի դեպ, ԱԺ աշխատակազմի նոր կառուցվածքը թեև արդեն գործարկման փուլում է, բայց այն հայտնի է միայն մի քանիսին։ Անցած շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին, Արարատ Միրզոյանի նախագահությամբ՝  ԱԺ-ում փակ քննարկվել և հաստատվել է «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը վերակառուցելու նախագիծը:

Այսպիսով՝ գործող 8 վարչություններից 3-ը խնայվել են՝ կգործեն ամբողջական կազմով, մյուս հինգը վերանվանվել են կամ լուծարվել:

Ընդունված որոշման համաձայն՝ իրավական և տնտեսական փորձաքննության բաժինները կմիավորվեն, կձևավորվի նոր բաժին՝ «Փորձագիտության և վերլուծության վարչություն» անունով։  ԱԺ անձնակազմի կառավարման վարչությունը կվերանվանվի մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հասարակայնության հետ կապի և հաղորդակցության, քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը կմիանա ընդհանուր բաժնի հետ՝ կկոչվի քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչություն։

Հարվածի տակ են ընկել վերակազմավորված վարչությունների աշխատակիցները՝ թվով 230 պետծառայող ու նույնքան տեխնիկական աշխատող:  Փաստորեն, հապճեպ որոշումով նրանք կամ կրճատվել են, կամ ստիպված են լինելու վերաատեստավորում անցնել: Նշենք, որ  հուլիսի 13-ին ԱԺ նախագահի կողմից ստորագրված և փաստացի արդեն իսկ ուժի մեջ մտած նոր հաստիքացուցակն ու անվանացանկը մինչ այս պահը չի  հրամցվել աշխատակազմին: Մարդիկ տարակուսած են, փսփսոցով միմյանց են հարց ու փորձ անում, որ քայլերի հաջորդականությունը որոշեն:

Երկրի կարևորագույն ինտիտուտում՝ Օրենսդիր մարմնում, այսօր բացահայտ կերպով մարդկանց իրավունքներ  են խախտվում:  Խնդիր է դրված՝ կրճատել ԱԺ պահպանման ծախսերը, ընդ որում՝ այդ գործառույթն իրականացնել նվազագույն ծախսերով: Օրինակ՝ չծանուցելով և արձակման նպաստներից խուսափելու միջոցով, սա՝ տեխնիկական աշխատակազմի դեպքում, իսկ պետծառայողների պարագայում վերանվանված վարչություններում կկրճատվեն հաստիքներ, մնացողներին կառաջարկվեն պաշտոններ,  եթե 15-օրյա ժամկետում  վերանշանակումը չի արվում, հաջորդ քայլը մրցույթի անցկացումն  է  տեղի համար, այս դեպքում ճարահատյալ պայքարողներ կլինեն, եթե չհաստատվեն, ապա կկորցնեն նաև 6 ամիս կադրային ռեզերվում  մնալու և վերջին դրույքի չափով վճարվելու հնարավորությունը:

«Մեզ ստրկացնում են, օրենքով նախատեսված ծանուցումներն արված չեն մինչ այս պահը,  հանրային իրազեկումն  արվել է ձևական՝  ընդամենը աշխատակազմի ղեկավարի ֆեյսբուքյան  էջին թողարկած մի անորոշ  տեքստով: Մտնում ենք  ղեկավարի ընդունարան,  ասում են՝ համբերեք, շուտով կիմանաք, ուզում ենք արձակուրդ գնալ, չգիտենք՝ ոնց անել»,- 168.amի հետ զրույցում կաշկանդված վիճակից բողոքում են ԱԺ աշխատակիցները:

Ի դեպ, վարկած կա, որ Արարատ  Միրզոյանը ստորագրել է իրականում հրամանը միայն, նրան հավելվածը՝ հաստիքացուցակով և անվանացանկով, նույնիսկ չի էլ տրվել, քանի որ աղմկահարույց փոփոխությունները  վերջնական չեն,  դեռևս շտկումներ են արվում:

Աշխատակիցները տարակուսած են, թե այդ ինչի՞ց է վախենում ԱԺ ղեկավարությունը, ումի՞ց են զգուշանում կամ լարվում, որ գաղտնի են պահում փոփոխությունների ամբողջական պատկերը:

«Մարդիկ ցայտնոտի մեջ են, ընտանիք, հոգսեր, վարկեր ունեն… վերջապես մեր իրավունքն է, ուզում ենք հասկանալ՝  ինչ է սպասվում մեզ, գնանք նոր աշխատա՞նք փնտրենք, սպասենք այստեղից մեկ այլ առաջարկի՞, թե՞ համբերատար, մինչև որ հարկ կհամարեն հայտարարել՝ մեր հաստիքներն այլևս գոյություն չունեն: Աշխատակազմի ղեկավարը Ֆեյսբուքի իր ընկերներին է շտապում լուր հաղորդել, թե՝ տեսեք-տեսեք, մենք շատ ավելի  գրագետ թիմ ենք հավաքագրում: Իսկ մե՞նք, մեր  գիտելիքները պետք չե՞ն ձեզ, այլևս ավելո՞րդ ենք»,- վրդովված հարցադրում է անում աշխատակիցներից մեկը:

«Մեզ այնքան ստրկացած ենք զգում, ղեկավարներից ոչ մեկը հարկ չի համարել  մի ժողով հրավիրել՝ նորմալ բացատրելու համար,  թե ինչ նոր պահանջ է դրվում մեր առաջ, ինչ կրետերիաներ, որպեսզի մենք էլ  հասկանանք՝ արդյոք  ի վիճակի կլինե՞նք բավարարել նոր ղեկավարության  պահանջները, թե՞ ոչ:  Կարող էին նաև կանչել, բաց ճակատով նայել մեր աչքերին ու ասել՝ եղբայր, ուզում ենք  մի նոր մանկապարտեզի թիմ էլ էստեղ հավաքագրենք, կներեք, դուք մասնագետներ եք,  մենք ձեր կարիքը չունենք, բայց դրա համարձակությունն էլ չունեցան»,- 168.am-ի հետ զրույցում սկսված փոփոխությունների մասին իրենց անտեղյակությունը այսպես էր նկարագրում  մեկ այլ աշխատակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել