168.am-ը գրում է.

«Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իշխանության տեսակետն արտացոլված է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Իսկ այն, ինչ տարածում են լրատվամիջոցները, ու Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության անգլերեն տեքստը, բովանդակային առումով տարբեր են»,- 168.amի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանն ու դրա վերաբերյալ Արդարադատության նախարարության հաղորդագրությանը։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները վերջերս խուսափում են «վեթինգ» բառից, կիրառում են «բարեվարքություն» տերմինը, Ն.Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀ դատական համակարգի բարելավման և հասարակության շրջանում անհրաժեշտ վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է իրականացնել անցումային արդարադատություն, իսկ վեթինգի նպատակը դատավորներին աշխատանքից զրկելը չէ, այլ հակառակը՝ դատական իշխանության նկատմամբ հասարակության կարծիք ձևավորել, որ այն վստահելի է և անաչառ։

«Ես չգիտեմ՝ միջազգային կառույցներն ում լոբբինգի արդյունքում են այսպիսի տեսակետ հայտնել, բայց ես պնդում եմ իմ տեսակետը»,- ասաց Ն.Բաղդասարյանը։

Անդրադառնալով ՍԴ-ի խնդրին և մեր դիտարկմանը, որ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը չի բացառել Սահմանադրության 213 հոդվածի փոփոխություն, Ն.Բաղդասարյանը նշեց, որ վարչապետը մի քանի օրից հայտարարությամբ հանդես կգա, հետևաբար՝ ինքը կսպասի վարչապետի մոտեցումներին։

Հարցին՝ ամեն դեպքում այդ հարցի լուծումը Ազգային ժողովի՞, թե՞ գործադիրի տիրույթում է, Բաղդասարյանը պատասխանեց. «Պայմանավորված է, թե ինչպիսին է լինելու լուծումը։ Այն լուծումը, որը ես պատկերացնում եմ, գործադիրի տիրույթում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել