Tert.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը  Newspress.am կայքի, «Հրապարակ» օրաթերթի, «Իրավունք» թերթին, Antifake.am կայքի դեմ դատական հայց է ներկայացրել վեց հոդվածների համար՝ պահանջելով զրպարտության համար փոխհատուցում:

«Ես վեց դեպքով դիմել եմ դատարան՝ լրատվամիջոցներից պահանջելով ինձ զրպարտելու համար վնասի փոխհատուցում: Մի քանի հարյուր նման դեպք կա, որոնցով արժեր դիմել դատարան, բայց վերջերս եմ սկսել նման միտք ունենալ, որովհետև մինչ այս մտածել եմ, որ սա ուղղորդված չէ ու ժամանակի հետ կանցնի, չեմ ուզել կրքերը թեժացնելու համար դիմել դատարան, բայց հիմա այլ տարբերակ չկա, դրա համար էլ դիմել եմ», - ասաց նա:

Հայկ Սարգսյանը հերթով ներկայացրեց, թե որ լրատվամիջոցին որ հրապարակման համար է  դիմել դատարան:

«Առաջինը՝ Newspress.am կայքի «Թե ո՞վ է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենա և ինչի՞ համար» հոդվածն է, որում պնդվում է, թե «Գուդվին» ընկերության շահերը պաշտպանելու համար Սարգսյանը ընկերության ղեկավարի կողմից 150 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել: Երկրորդը՝ նույն կայքի «Հերթական թանկարժեք նվերը՝ 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար Հայկ Սարգսյանին» նյութի համար է:

Երրորդ և չորրորդ հրապարակումները «Հրապարակ» օրաթերթի հոդվածների դեմ են՝ «Խորհրդարանում նյու Շմայս է հայտնվել» խորագրով հոդվածի և «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» վերնագրով հոդվածների համար:  Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ» Հայկ Սարգսյանը: Ի՞նչ է նշանակում «ախռանիկ», ինչո՞ւ է ինձ «Հրապարակը» անվանում «ախռանիկ», «շիշ բռնող»: Հինգերորդ հրապարակումն «Իրավունք» թերթի «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով» հոդվածն է»,- ասաց նա և հավելեց, որ նման բան չի եղել, դա կարող է հերքել նաև ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Քանի որ հաճախ են անդրադառնում հորս, ասեմ, որ հայրս և մենք միշտ ընդդիմադիր ենք եղել նախկինում, եթե կգտնվի որևէ մեկը, որ նրա աշխատելու տարիներից կգտնի մեկ խախտում, նյութական օգուտ ստանալու դեպք, մենք մեր տունը կտրամադրենք այդ մարդուն:

Վերջին հրապարակումը  Antifake.am կայքի հոդվածն է՝ «Արտոնյալ Զարեհ Սարգսյանը. Որտե՞ղ է ճանապարհային ոստիկանությունը»: Մենք այդ մեքենայի հետ որևէ կապ չունենք, սա ևս զրպարտություն է»,-նշեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել