Tert.am-ը գրում է.

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ, ի.գ.թ., դոցենտ Նորա Սարգսյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ վերջինս Ազգային ժողովում երդման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել էր, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։ Նորա Սարգսյանի անդրադարձը ներկայացնում ենք ստորև։ 

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված  Վահե Գրիգորյանը 2019 թ․ հունիսի 20-ին՝ Ազգային ժողովի նիստում իր պաշտոնը ստանձնելու հետ կապված երդման արարողության ժամանակ հայտարարեց, որ․

· Ներկայումս Սահմանադրական դատարանն ունի միայն երկու դատավոր և քանի որ մյուս դատավորը բացակայում է, ապա ինքը ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։

· Վ․ Գրիգորյանը որպես փաստարկ է բերում այն, որ 2015 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական դատարանի «անդամ» եզրույթի փոխարեն օգտագործվում է Սահմանադրական դատարանի «դատավոր» եզրույթը, իսկ 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները չեն կարգավորում սահմանադրական դատարանի անդամի՝ դատավորի պաշտոնում հետագա պաշտոնավարման հարցը։

· Հետևաբար, ըստ Վ․ Գրիգորյանի, մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված սահմանադրական դատարանի անդամները 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ  մտնելուց հետո չէին կարող պաշտոնավարել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, իսկ նրանց մասնակցությամբ այս ժամանակահատվածում կայացված սահմանադրական դատարանի ակտերի վավերականության հարցը պետք է քննարկման առարկա դառնա։

Իրավագիտությունը փաստարկման արվեստ է, իսկ իրավունքի բովանդակությունը բացահայտվում է նրա մեկնաբանման գործընթացում։ Իրավական նորմերի և, հատկապես, Սահմանադրության նորմերի մեկնաբանությունը ենթարկվում է որոշակի գիտական կանոնների, որոնք ձևավորվել են դեռևս Սավինիի ժամանակներից (1802 թ․)։ Մեկնաբանման համար հիմք են հանդիսանում իրավական ակտի տեքստը, իրավական ակտի մշակման պատմությունը, իրավական ակտի համակարգը և իրավական ակտով հետապնդվող նպատակը։ Որպես կանոն տարբերակվում է իրավական ակտերի մեկնաբանման 4 դասական մեթոդ․

1. քերականական (հայտնի է նաև որպես՝ տառացի, բառացի, լեզվաբանական),

2. պատմական,

3. համակարգային,

4. թելեոլոգիական։

Վ․ Գրիգորյանի կողմից Սահմանադրության 213-րդ հոդվածի մեկնաբանությունը, մեր կարծիքով, հիմնվում է միայն օրենքի տեքստի առանձին դրույթի տառացի ընկալման վրա (անգամ տառացի մեկնաբանման պարագայում, անհասկանալի է, թե ինչպես է ժխտվում ՍԴ գործող նախագահի պաշտոնավարման շարունակման հանգամանքը, երբ գործող նախագահը ընտրվել է 2018 թ․մարտի 21-ին, այսինքն՝ մինչև 2015 թ․խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը,  իսկ Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ մատնանշում է, որ Սահամանադրական դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել), որի արդյունքում 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը դիտարկվում է հաջորդ նախադասության, Սահմանադրության համակարգի, իմաստի, պատմական համատեքստից ամբողջովին կտրված։ Ժամանակակից իրավունքի գիտությունը վաղուց արդեն մերժում է «In-claris» դոկտրինը, քանի որ գոյություն չունի իրավական նորմերի «միանշանակություն» և ցանկացած նորմի բովանդակություն՝ մեկնաբանման միջոցով բացահայտման կարիք ունի։ Ընդ որում, միայն օրենքի տեքստի առանձին դրույթի վրա շեշտադրում կատարելը ոչ թե գործնականում բերում է իրավական որոշակիության և կամայականության սահմանափակման, այլ հակառակ արդյունք է ունենում՝ հանգեցնելով ֆորմալիզմի (հատկանշական է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թ․ օրենքը իրավացիորեն հրաժարվել է նախկին՝ «Իրավական ակտերի մասին» օրենքով ամրագրված տառացի մեկնաբանման սկզբունքից (հոդված 86, մաս 1) և ամրագրել է մեկնաբանման ավելի լայն կանոններ, այդ թվում՝  նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը, կարգավորման համատեքստը, իրավունքի ճյուղի սկզբունքները (հոդված 41))։

Իրավական նորմը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել բոլոր գործոններն ու  փաստարկները և ոչ թե սոսկ միայն նորմի տեքստը։ Կարևոր է ընդգծել, որ իրավունքի դրույթի  մեկնաբանումը՝ դրա իմաստի բացահայտումը, չի կարող հիմնվել միայն մեկ մեթոդի ընտրանքային կիրառման վրա, որն էլ ավելի է համապատասխանում մեկնաբանման ցանկալի արդյունքին։ Մեկնաբանման բոլոր մեթոդները պետք է օգտագործվեն հավասարապես, այլապես՝ մեկնաբանումը կհանգեցնի սխալ արդյունքի։

Ստորև փորձենք համադրել Վ․ Գրիգորյանի մեկնաբանությունը մեկնաբանման մյուս մեթոդների հետ՝ բացահայտելու համար Սահմանադրության 213-րդ հոդվածի իմաստն ու բովանդակությունը։

Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:

· Պատմական մեկնաբանում

Պատմական մեկնաբանումը ենթադրում է, որ իրավունքի նորմի իմաստի ճիշտ  բացահայտման համար պետք է հաշվի առնել իրավական ակտի ընդունման պատմությունը, նախորդող խմբագրությունները, պատմական համատեքստը, որոնք նախադրյալ են հանդիսացել այդ նորմի ընդունման համար։

Այս առումով, անվիճելի փաստ է, որ դեռևս 1995 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը նախատեսել է սահմանադրական արդարադատության ինստիտուտը՝ հանձին Սահմանադրական դատարանի։ Ընդ որում․

· ՀՀ Սահմանադրության բոլոր խմբագրությունների համաձայն էլ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, իսկ սահմանադրական արդարադատությունը՝ սահմանադրական դատարանը (1995 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 91-րդ հոդված, 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 91-րդ և 93-րդ հոդվածներ, 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 162-րդ և 167-րդ հոդվածներ)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել