Shantnews.am-ը գրում է.

Մեկնաբանություն կատարելու համար պետք է ուսումնասիրենք ներկայացված փաստարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հնչեցրած հայտարարության մասին:

«Ճիշտն ասած, չեմ հասցրել նայել ոչ նրա փաստարկները, որովհետև պետք է փաստարկները նայենք, այսինքն, հիմնավորումներն առ այն, թե այդ ինչպես է, որ… որքանով որ հասկացել եմ խոսքից, որ երկու դատավոր կա, մյուսները դատավոր չեն: Այսինքն՝ նա վիճարկում է մյուսների դատավոր լինելու հանգամանքը: Բնականաբար, կուսումնասիրենք և մեր կարծիքը կասենք: Ես չեմ կարող ոտքի վրա իրավական վերլուծություններ անել: Ես գիտեմ, որ մինչ այս պահը Սահմանադրական դատարանի դատավորները ճանաչվել են հեղափոխական իշխանության կողմից, ճանաչված են միջազգային հանրության կողմից, այսինքն՝ նրանց շփումները, նրանց կապերը, և նաև գիտեմ, որ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա փոփոխություն է կատարվել ԱԺ կանոնակարգ օրենքում՝ հենց որով էլ մենք կատարել ենք քվեարկությունը՝ ՍԴ դատավոր ընտրելու համար»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ պատգամավորների մի մասը տեղի ունեցածը մեկնաբանում են այնպես, որ մյուս դատավորներն ընտրվել են ՍԴ անդամ, ոչ դատավոր, և նրանք պետք է ընթացակարգ անցնեն դատավոր դառնալու համար՝ Էդմոն Մարուքյանն ասել է, որ այդ հարցը կարգավորվում է Սահմանադրության համապատասխան նորմով:

«Սահմանադրական դատարանի անդամները և դատավորները, յուրաքանչյուրն իր ընտրված ժամկետով պաշտոնավարում է, և դա գրված է Սահմանադրության մեջ, և դա որևէ կերպ չի փոխվել, հետադարձ ուժով էլ չէր կարող վատթարացնող նորմ ընդունվել: Հետևաբար, էդտեղ այդ փաստարկն այնքան էլ տեղին չէ… այսինքն՝ այդ որոշումները, որ ընդունել են՝ որոշում չե՞ն:

Եթե չեն՝ բա ինչի ենք այդ օրենքը փոխել դրա հիման վրա: Բա ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը գնում՝ «պրոտոկոլով» վարչապետի կողքին կանգնում: Հասկանանք՝ միայն Վահե Գրիգորյանի մոտեցո՞ւմն է, թե՞ իշխանությունն է այդ մոտեցումը կիսում»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել