Tert.am-ը գրում է.

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով՝ ամերիկյան քաղաքականությունն այդքան էլ հետաքրքրված չէ Արցախյան հիմնախնդրով:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով առաջիկայում Վաշինգտոնում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը հանդիպումը կազմակերպելով՝ ակտիվություն է դրսևորում հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

«Միացյալ Նահանգներն ունի Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի հետ հարցեր, որոնք շատ ավելի առաջնահերթ են իր համար: Չեմ կարծում, որ այդ առաջնահերթությունները փոխվել են.Վաշինգտոնի հանդիպումը հերթականն է՝ այս անգամ պարզապես ԱՄՆ-ում»,- ասաց նա:

ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման մասին իր հայտարարության մեջ նշել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր, և ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ:

Հարութ Սասունյանի խոսքով՝ ինքը չի կարծում, որ Հայաստանը հանդիպմանը կարող է օրակարգ թելադրել: «Հայաստանը կարող է պարզապես իր դիրքորոշումն արտահայտել: Համաձայն եմ, որ Ադրբեջանի կողմից հրադադարի հաճախակի խախտումը բացասական անդրադարձ ունի բանակցությունների վրա: Այս հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը պետք է Ադրբեջանի իր գործընկերոջը խստորեն ասի, որ ընդունելի չէ միաժամանակ բանակցելն ու կրակելը: Մեկը կամ մյուսը: Եթե այդպես շարունակվի, Հայաստանը կարող է բանակցությունները դադարեցնել մինչև Ադրբեջանը խելքի գա»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել