Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռազմիկ Ղազարյանը իր վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 VZ 354 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խորովածանոցի աշխատակիցները, իսկ վարորդն էլ՝ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացիների, այլև օպերատիվորեն ժամանած Ճանապարհային ոստիկանության ծառայողների նկատմամբ:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորութմամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հետաքննիչը փորձել է վարորդի սթափությունը ստուգել, վերջինս սկսել է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, հրաժարվել է սթափության փորձաքննություն հանձնել, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, որն էլ նրան տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ նա նույնպես մի իսկական խառնաշփոթ է ստեղծել, իսկ հետո քնել է:

Ճանապարհային ոստիկանները քաղաքացիների օգնությամբ քարշակով ավտոմեքենան դարձի բերեցին և հետաքննիչի հանձնարարականով այն տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/16/1127552/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել