Hraparak.am-ը գրում է.

Երեկ Անկարայում կայացավ Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո երկու երկրների արտգործնախարարների՝ Մևլութ Չավուշօղլուի և Ժան-Իվ Լը Դրիանի մասնակցությամբ առանձին ասուլիս էր կազմակերպվել։ 

Թուրքիայի ներկայացուցիչը անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանութան հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը, մասնավորապես Ֆրանսիայում Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն։ 

Չավուշօղլուն նշել էր, որ եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու թուրքերի առաջարկը՝ արխիվները բացելու հետ կապված: Խմբում առաջարկել էր ներգրավել նաև այլ երկրների ներկայացուցիչների, այն երկրներին, որոնց հայերը կցանկանան։ 

Արտգործնախարարը հայերի գործողությունները պոպուլիստական և ոչ գիտական էր որակել, միևնույն ժամանակ նշելով, որ Թուրքիան պատրաստ է ընդունել խմբի ուսումնասիրությունների արդյունքները։

Այս առիթով զրուցել ենք  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ։

Ադիբեկյանը նշեց, որ, ըստ էության, Չավուշօղլուն նոր բան չի ասել և սրանով ցույց է տրվում, որ այս հարցը ավելի շատ պատմաբաններին է, քան քաղաքական գործիչներինը։  

«Աշխատանքային խմբի ստեղծման առաջարկով Թուրքիան մի փոքր խորամանկություն է անում, քանի որ հասկանում է՝ մի շարք երկրներ այս հարցով հայերի կողքին են։ Այս քայլով թուրքերը արդեն իսկ կասկածի տակ են դնում ցեղասպանության հարցը։ Ասում են՝ թող պատմաբանները գան, հավաքվեն և որոշեն, թե եղել ա նման բան, թե ոչ»։ 

Ահարոն Ադիբեկյանը նշեց նաև, որ թուրքերը վստահ են իրենց ուժերին և հենց դրա համար են նախաձեռնում պատմաբանների ուսումնասիրող խումբ ստեղծել։ 

«Ինչ մեզ պետք է չկա, դեռ ավելին, ուսումնասիրող խմբին կարող են արխիվներից հանել և ցույց տալ այնպիսի փաստեր, փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ ցեղասպանություն չի եղել, հայերը ուղղակի թողել փախել են։ Իսկ թե ով է հրաման տվել, սրա հետ կապված որևէ տվյալ չկա»,- նշում է Ադիբեկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել