««Փաստը» պարբերաբար անդրադառնում է պաշտոնյաների ներկայացրած ու չներկայացրած հայտարարագրերին: Վերջին տվյալների մասին մենք օրերս էինք հայտնել, բայց կան հարցեր՝ ավելի լայն համատեքստում. այս համակարգը որքանո՞վ է արդյունավետ, որքանո՞վ է արտացոլում իրականությունը: Այս հարցերի, ինչպես նաև վեթինգի շուրջ զրուցելով՝ Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» հ/կ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ, դիտարկել ենք հայտարարագրերի արդյունավետության հարցը նաև վեթինգի համատեքստում:

Սկսելով առաջին հարցադրումներից՝ Ս. Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Հայտարարագրման համակարգն այս տարիների ընթացքում կատարելագործվել է, բայց դեռ կատարելագործման տեղ ունի: Եթե սկզբնական փուլում հայտարարագիր չներկայացնելը որևէ հետևանք չէր ունենում, ապա հիմա ավելի թույլից մինչև առավելագույն միջամտություն ենթադրող պատասխանատվության միջոցներ ունենք: Պետությունը ստեղծել է այն անհրաժեշտ ենթակառուցվածքը, որ հայտարարագրերը չարամտորեն չներկայացնողների, տվյալները թաքցնողների վրա ներազդի նաև քրեական միջոցներով: Հետևաբար, միակ խնդիրը կարող է լինել իրավակիրառական պրակտիկան, այսինքն՝ ինչքանո՞վ են հետևողական իրացնում այդ դրույթները»:

Բովանդակության առումով, որպես դրական հանգամանք, Ս. Սահակյանը առանձնացրեց պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջը՝ միաժամանակ շեշտելով, որ կան դրույթներ, որոնք դեռ կյանքի չեն կոչվել: Օրինակներից մեկը պաշտոնյաների զավակների կողմից դրամական միջոցների հայտարարագրման դրույթն է. «Նախատեսվում էր այդ դրույթները կյանքի կոչել 2019 թ. հունվարի 1-ից բայց տեղի ունեցավ օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ փոփոխված, ավելի կատարյալ բովանդակությամբ հայտարարագրերի ներկայացման պարտականության կատարումը հետաձգվեց մինչև 2020 թվական: Մենք ժամանակ ենք վերցրել ու չենք ցանկանում ավելի կատարյալ ձևաչափով պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրել: Ինչ վերաբերում է թերություններին, ապա հայտարարագրերը դեռևս որոշակի թերություններ դեռ ունեն: 

Օրինակ՝ որպես թանկարժեք գույք համարվում է 8 միլիոն դրամը գերազանցող գույքը, ինչն, ըստ իս, բավականին բարձր շեմ է և կրճատելու անհրաժեշտություն կա: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ այս պահին չշտկված բովանդակային թերությունները համակարգի արդյունավետության վրա ազդող գործոններ են»:

Ինչ վերաբերում է իրականության արտացոլման խնդրին, երբ, օրինակ, բոլորին հայտնի է, որ պաշտոնյան շատ ավելի մեծ ունեցվածք ունի, իսկ հայտարարագրում դա չի արտացոլվում, մեր զրուցակիցը նշեց, որ հայտարարագրվում է անձին իրավաբանորեն պատկանող գույքը. «Իսկ փաստացի նրա տիրապետման տակ գտնվող գույքերի հայտարարագրում մեզ մոտ չկա, չկա նաև ծախսերի հայտարարագրումը: Այլ անձի տիրապետության տակ գտնվող, բայց փաստացի պատկանող գույքի առումով մեր հայտարարագրման համակարգը լուծումներ չունի»:

Ընդհանուր առմամբ, եթե խնդիրը իրավական և ոչ իրավական ձևակերպումներին է վերաբերում, ապա, մեր զրուցակցի խոսքով, դրանք որևէ երկրում հայտարարագրման համակարգի միջոցով չեն բացահայտվում. «Դրանք բացահայտվում են պաշտոնատար անձանց կենցաղի մոնիթորինգի միջոցով, և եթե այդ ընթացքում ձեռք են բերվում բավարար փաստական տվյալներ և հիմնավորվում է, որ գույքը նրանն է, դրանք քննության առարկա են դառնում ապօրինի հարստացման մեխանիզմի շրջանակում՝ իրավապահ մարմինների կողմից:

Ինչ վերաբերում է անձին իրավաբանորեն պատկանող գույքին, ապա հայտարարագրման համակարգը դրանք բացահայտելու, տվյալների արժանահավատությունը ստուգելու լիարժեք հնարավորություններ ունի: Միակ սահմանափակումը բանկային տվյալների մասով է. եթե, օրինակ, հայտարարագրվում է, որ որևէ բանկում ունի 20 հազար դոլար, բայց իրականում 200 հազար է, ապա արժանահավատությունը ստուգելու հնարավորություն հանձնաժողովը չունի՝ օրենքը բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներին ամբողջ ծավալով հասանելիություն չի տալիս»:

Սիրանուշ Սահակյանը շեշտեց՝ այն պահից, երբ պետությունը կարևորի նաև դրամական միջոցների արժանահավատության ստուգումը, օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի ապահովել բանկային տվյալների հասանելիությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել